Առանց ձեզ չէի կերտի իմ 25 տարվա ֆուտբոլային ուղին. Գևորգ Կասպարով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Սպորտ

Դարպասապահ Գևորգ Կասպարովը, որն «Ալաշկերտի» հետ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո ArmSport-ին հայտնել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել է կարիերայի ընթացքում.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում այն բոլոր մարդկանց, ում հետ աշխատել եմ՝մարզիչներիս, խաղընկերներիս, ակումբներին, բոլոր տարիքային հավաքականներին, երկրպագուներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր խոչընդոտ են հանդիսացել իմ ճանապարհին՝ ավելի ուժեղացնելով ինձ։

Առանց ձեզ չէի կերտի իմ 25 տարվա ֆուտբոլային ուղին։ Շնորհակալութուն»,- գրել է Կասպարովը:

Կարիերայի ընթացքում Կասպարովը հանդես է եկել մի շարք ակումբներում այդ թվում՝ «Միկայում», «Փյունիկում», «Ուլիսում», «Գանձասարում», «Շիրակում», «Ալաշկերտում», ինչպես նաև իրանական «Փաս Համեդանում», «Ռահ Ահանում», «Տրակտոր Սազիում», «Սանատի Կավեհում» և «Զոբ Ահանում»։

Գևորգ Կասպարովը երկար տարիներ եղել է նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը։

--00--ԿԿ