Ներքին ուժերը պարտություն բերեցին, որ ժողովուրդը հիասթափվի, և իրենք գան իշխանության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Սահմանները պետք է ճշգրտվեն, և մենք պետք է հստակորեն իմանանք, թե ինչու են ՀՀ սահմաններն այդպես գծվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ խոսելով սահմանագծման անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով՝ ներքին ուժերը 30 տարի թաքցրել են ժողովրդից, որ 7 շրջանները ՄԱԿ-ի կողմից ընդունված են որպես գրավված տարածքներ և պետք է վերադարձվեն, որպեսզի վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.  

«Նրանք շարունակ ձգձգում էին և Ադրբեջանին հույս տալիս, որ այդ շրջանները տալու են: Հասցրեցին մի տեղ, երբ արդեն չէին կարող ձգել և գեղեցիկ ձևով տվեցին նոր իշխանությանը, նպատակն էր՝ նոր իշխանությունը պարտվի, ժողովուրդը հիասթափվի, նորից իրենք իշխանության գան, հարցը օրակարգից դուրս գա, և իրենք Հայաստանը կրկին թալանեն ու իշխեն: Փաստերը, երբ իրար կողք ենք դնում, տեսնում ենք, որ պարտությունը բերեցին, որ ժողովուրդը հիասթափվի և իրենք գան իշխանության, ամբողջ մեղքը բարդեն թավշյա հեղափոխության վրա և իրենք չոր դուրս կգան»:

Անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականին, Հակոբ Ասլանյանն ասաց, որ Այվազյանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում, եթե խնդիր կար, նա ամբողջը պետք է ներկայացներ.

«Նա ասել է՝ չեմ ցանկանում որևէ բանի մասնակից լինել, բայց ո՞վ կարող է ասել կուլիսային ի՞նչ խոսակցության մասին է խոսքը: Ես գտնում եմ, որ Արա Այվազյանի նշանակումը մեր հերթական կադրային սխալ քաղաքականությունն էր, որովհետև նա չդարձավ այն մարդը, որը կարող էր պատասխանատվություն վերցնել»,-նշեց պատգամավորը: