Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ ԼՂ-ի մասով հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

նկար

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, թե «2020 թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է, միևնույն է, անելիքները շատ են»։

«Ռուս խաղաղապահները ժամանակավորապես կատարում են կրակի դադարեցումն ապահովելու առաքելությունը: Մենք այս հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Լեյլա Աբդուլլաևան անդրադարձել է նաև Մակրոնի այն հայտարարութանը, թե ՀՀ֊ի և Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի երկխոսության միջոցով, չպետք է դիմել ուժի։ Ավելին, Մակրոնը վերահաստատել է, որ Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու կարևորությունը:

Ըստ Աբդուլլաևայի՝ ադրբեջանական կողմը ռազմագերիների փոխանակման հարցում միշտ էլ ունեցել է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը:

«Ադրբեջանում հայկական ծագմամբ ռազմագերիներ չկան: Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի տարածք ուղարկված «դիվերսիոն խմբի» (չակերտներում վերցված այս և մյուս բառերը՝ ըստ բնագրի) անդամներին, որոնք այնտեղ «ահաբեկչություն» են իրականացրել, ինչպես նաև «հետախուզադիվերսիոն»խմբի անդամներին, որոնք մայիսի 27-ին փորձել են ականապատել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ուղղությամբ ճանապարհները, ապա նրանք ռազմագերիներ չեն»,-ասել է ԱԳՆ խոսնակը:

Աբդուլլաևան անդրադարձել է նաև Մակրոնի՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանման կիրառմանը` ընդգծելով, որ «այդպիսի վարչատարածքային միավոր գոյություն չունի»:

--00—ԼՄ