Աշխատանքս չեմ պատկերացնում ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգե՜լի հայրենակիցներ,

կարծում եմ այս օրերին ամենակարևոր տեղեկատվությունը չէ, բայց քանի որ չափազանց շատ են հարցերը, ուստի որոշեցի հակիրճ անդրադառնալ իմ` խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հարցին:

Հաշվի առնելով իմ երբեմնի կուսակցական անցյալը հարցերը հաճախ հնչում են` ինչու համապատասխան դաշինքի ցուցակում չեմ: Ասեմ, որ դա եղել է իմ և կուսակցության` փոխադարձ ընկալման վրա հիմնված որոշում:

Որևէ այլ ցուցակում չլինելը ունի երկու պատճառ` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվն այն է, որ «բաղձալի» մանդատի համար ցուցակից ցուցակ ( հաճախ անգամ իրար բացառող) թռիչքաձև հայտնությունները դեմ են քաղաքականության իմ պատկերացրած մոդելին ու սկզբունքներին:

Սուբյեկտիվն այն է, որ ես իմ հետագա աշխատանքը չեմ պատկերացնում խորհրդարանում ո՜չ իշխանական, ո՜չ էլ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում: Հայրենիքին ծառայելու բազում այլ ձևաչափեր կան: Իսկ հայրենիքի գոյության համար ես շարունակելու եմ իմ պայքարը ընդդեմ նիկոլիզմի, ընդդեմ ֆանատիզմի ու հանուն մեր լինելիության: Ես խենթի նման ու չափազանց եմ սիրում մեր երկիրը: Երկիրը պահպանելու հարցում օգնելու եմ այն լիդերին, ով ըստ իս առավել է ունակ հանել մեզ ճգնաժամից:

Թող ներեն ինձ բոլորը, բայց ավելի քան երբևէ սա ոչ թե կամ ոչ այնքան թիմի, որքան լիդերի ընտրություն է: Ոչ միայն այն պատճառով, որ թիմը միայն ցուցակը չէ, այլև, որ թիմի աշխատանքի որակը ուղղակիորեն կախված է լիդերից: Մենք տեսանք` ինչպես միջավայրային ու արժեբանական ախտահարման ենթարկվեցին պարտվածի կողքը հայտնված սակաթիվ պրոֆեսիոնալները: Հայաստանն այս պահին կարիք ունի ուժեղ, կամային, փորձառու ճգնաժամ հաղթահարողի: Մենք անդունդի հատակին ենք ու բարձրանալու համար մեզ պետք է մեկը, ով մեզ այնտեղից պարանով վերև կքաշի: Իսկ առաջադրված ցուցակները գլխավորող լիդերների մեջ ըստ իս կա մեկ անձ, ով ունակ է դա անել:

Ամեն ինչ լավ է լինելու: Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանքիներին»։

--00--ԱՀ