Սիրով սպասում եմ․ Փաշինյանը Մակրոնին աշնանը հրավիրել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News  

Մակրոն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի համար: Եվ այսօր ինչպես նշեցիք՝ շատ լայն օրակարգ ունենք քննարկելու: Ես ուզում եմ նախ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի այց նախատեսված Հայաստանի Հանրապետություն, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք: Սիրով սպասում եմ աշնանը, սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ:

Ֆրանսիան ու Հայաստանն ունեն առանձնաշնորհեալ հարաբերություններ և շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում է, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով:

Ուզում եմ ընդգծել, որ կարևորում ենք Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո արդեն համանախագահները երեք հայտարարություն են արել, որով ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները:

Իհարկե այսօր մենք կքննարկենք նաև այդ հնարավորությունները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այս ընթացքում ցուցաբերած նաև մարդասիրական աջակցության համար, բայց մենք ընդգծում ենք Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ուրախ եմ արձանագրել, որ Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ նույնպես հետաքրքրված են այդ ծրագրերում ներգրավվածությամբ»:

 --00—ՄՀ