Իրանը չի ողջունի ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին դիտորդների առկայությունը. էսկալացիայի հիմք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ հասկանալով, որ իր դիրքերը թուլացած են, նաև կասկածներ ունենալով Ռուսաստանի այսօրվա ղեկավարության հանդեպ, որոնք իրեն համարում են ոչ վստահելի գործընկեր, փորձում է որոշակի ճնշում գործադրել ՌԴ-ի վրա՝ իբրև թե տարածաշրջան այլընտրանքային խաղացողներ մտցնելով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատարի հունիսի 1-2-ը Փարիզ և Բրյուսել  ընթացող աշխատանքային այցը։

«Սյունիքի ևԳեղարքունիքի սահմանների խնդիրը Նիկոլ Փաշինյանն այժմ միջազգայնացնում է և իր առաջարկը՝ հայելապատ ձևով զորքերը սահմաններից հետ քաշելու և դիտորդներ տեղակայելու գաղափարը Եվրամիությունը անմիջապես ողջունեց, սակայն այն բավականին ռիսկային քայլ է՝ դա Ռուսաստանին կգրգռի, քանի որ Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ Ռուսաստանը պատրատ է միջնորդ լինել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերում: Սահմանում դիտորդների ներկայությունը դուր չի գա նաև Իրանին, քանի որ նա բավականին սուր է ընդունում, երբ տարածաշրջան են մտնում այլ ուժեր: Սա ռիսկային քայլ է և հղի գեոքաղաքական բնույթի նոր էսկալացիաներով»: 

Հակոբյանը նշում է, եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը առաջնորդվել է եռակողմ հայտարարությամբ, և եթե արևմուտքից ներգրավվում ենք դիտորդներ, ապա կամ այդ ֆորմատից պետք է հրաժարվել, կամ այլ խաղացողներ պետք է ներգրավել խաղի մեջ, որպես անվտանգության երաշխավորներ։ 

«Չի կարող սահմանի մի մասում ՝ Սյունիքում, կանգնած լինեն ռուսներ, մյուս մասում՝ ֆրանսիացիներ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում նախընտրական շրջան է, Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա և Բելգիա այցի շրջանակում, արդյո՞ք խորքային քննարկումներ և պայմանավորվածություններ կլինեն, Հակոբյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը ստրատեգիական առումով ինչ մտադրություններ էլ ունենա, իր բոլոր գեոքաղաքական գործընկերները հասկանում են, որ պետք է սպասեն ընտրությունների արդյունքներին, քանի որ կարող է ստորագրվել փաստաթուղթ, սակայն վավերացնեն ուրիշները։

«Եվրոպացիների և արևմուտքի աջակցելու պատրաստակամությունը ավելի շուտ տարածաշրջանում իրենց ներկայությունը ցույց տալու քաղաքական ժեստ է, քան պրակտիկ քաղաքայնություն, քանի որ ոչ մի ուժ չի կարող հաշվի չառնել Հայաստանի ընտրությունների արդյունքների անորոշության հարցը»,-նշեց Հակոբյանը:

--00--ԿԿ