Պատերազմի պատճառը ԼՂ հակամարտության ռազմական լուծման լեգիտիմացումն էր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրող Իլյա Դորոնովին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական ամենահրատապ թեմաներին։

Հեռուստաալիքը Youtube-ի պաշտոնական էջում հրապարակել է մայիսի 29-ին տեղի ունեցած հարցազրույցի տեսագրությունը։

«Ամենից ողբերգականը պատերազմն էր ու ինձ համար պարզապես խայտառակ պարտությունը: Այժմ երկիրը հետպատերազմական համախտանիշով է տառապում` կապված տարածքային ու մարդկային կորուստների հետ: Այս ամենը պետք է ինչ-որ կերպ վերապրել, անցնել, չկոտրվել, գտնել գոյության ու վերածնման նոր բանաձև: Հանրությունը վստահ էր, որ մենք գերիշխող դիրքում ենք, որ Արցախը հուսալիորեն պաշտպանված է. մարդկանց անամոթաբար խաբում էին, պարզվեց` բոլորովին այլ իրավիճակ է: Այս ամենը մարսելը դժվար է»,- նշել է նա:

Քոչարյանի խոսքով` Ադրբեջանում զգացին Հայաստանի թուլությունն ամենատարբեր առումներով: Երկրորդ նախագահի գնահատմամբ՝ ՀՀ-ում իշխանության եկան մարդիկ, որ հետևողականորեն ոչնչացնում էին բանակի մարտունակությունը, իսկ դա արվում էր հասկանալո՞վ, թե՞ ոչ միտումնավոր՝ ապագայում կպարզվի:

Պատերազմի երկրորդ պատճառն, ըստ Քոչարյանի, հակամարտության ռազմական լուծման լեգիտիմացումն էր: 

«Սա ևս հասկանալի չէ՝ արվել է գիտակցաբա՞ր, թե՞ անգրագիտությունից: «Արցախը Հայաստան է և վերջ» կոչերով` հարցը տեղափոխեցին տարածքային ամբողջականության հարթություն: Արցախի գոյությունը, բանակցային գործընթացը, Արցախի անկախության գաղափարը կառուցված է ազգի ինքնորոշման վրա. նրանք ոչնչացրին ամբողջ փաստական հիմքը, որի վրա կառուցվում էր ԼՂ հանրապետությունը»,- ասել է երկրորդ նախագահը:

Նա այս ամենին գումարում է նաև երկրի ներսում պառակտվածությունը, սևերի ու սպիտակների բաժանելը, նաև արտաքին գործոններից՝ Թուրքիայի դերի բարձրացումը, այն, որ Ադրբեջանը սկսեց իրեն ավելի վստահ զգալ:

Մանրամասները` տեսանյութում:

--00--ԱԹ