Ինչպես հայկական միտքը բացեց միջազգային սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ամենայն հավանականությամբ հուլիսի 1-ից կարգելի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքը ՌԴ առանց «Ճանապարհորդում եմ առանց քովիդ 19» հավելվածի օգտագործման։

Սա նշանակում է, որ բոլոր այն երկրները, որոնք չեն օգտագործի վերոնշյալ հեռախոսային հավելվածը, կզրկվեն Ռուսաստանի Դաշնություն մուտքի իրավունքից, ինչը կունենա տնտեսական ահռելի բացասական հետևանքներ այս պետությունների համար։ Հայաստանին, օրինակ, ՌԴ-ի հետ փակ սահմաններ ունենալու վատ հեռանկար չի սպասվում, որովհետև մեր երկիրն առաջինն էր, որ օգտվեց «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» ծրագրից ու գրեթե մեկ տարի տևող համաճարակով պայմանավորված սահմանափակումներից հետո վերականգնեց Ռուսաստանի հետ ուղևորափոխադրումները։ 

Գրեթե մեկ տարի կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ռուսական սահմանի փակ լինելն ահռելի տնտեսական վնասներ հասցրեց մեր երկրին՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեր արտաքին ատևտրաշրջանառության առյուծի բաժինը հենց Ռուսաստանի հետ է։ Բացի այդ, հազարավոր ընտանիքներ անսպասելի վրա հասած համաճարակի պատճառով չէին կարողանում վերամիավորվել, սեզոնային աշխատանքի մեկնողները մնում էին Հայաստանում, ինչն էլ ուղիղ ազդում էր մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։  

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ 19» հավելվածը, որի շնորհիվ ՌԴ-ն բացեց Հայաստանի, ինչպես նաև մի քանի այլ երկրների հետ սահմանները, հայկական ինովացիոն մտքի արդյունք է։ Այն առաջարկել ու ստեղծել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը», որի ղեկավարը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։

Հենց Սարգսյանի անձնական ջանքերի ու հեղինակության շնորհիվ Ռուսաստանի կառավարությունը նախ ընդունեց ծրագրի հնարավորությունները, ապա արդեն սկսեց կիրառել ոչ միայն Ռուսաստանի ու Հայաստանի համար, այլ նաև առաջարկեց իր միջազգային գործընկերներին։ Հավելվածը, որքան էլ որ հեղափոխական նշանակություն ունեցավ համաճարակի տնտեսական, քաղաքական ու բարոյահոգեբանական հետևանքները հաղթահարելու համար, այնքան էլ պարզ է ու մատչելի ցանկացած քաղաքացու համար։

ՀՀ քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, երևանյան մի շարք լաբորատորիաներում կարող են հանձնել կորոնավիրուսի առկայության մասին թեստ, այնուհետ ստանալ օնլայն պատասխանը և բացասականի դեպքում ուղղակի հեռախոսային QR կոդի միջոցով անարգել հատել ՌԴ սահմանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ