Փաշինյանի թիմակիցներից ովքեր են հեռանալիս խոսել պետականության դեմ վտանգի մասին.«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել հրաժեշտի խոսքի ժամանակ: Նա մասնավորապես նշել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։

Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։

Այսինքն՝ նա ըստ էության ակնարկում է, որ այս պահին կարող են արվել քայլեր, որոնք դեմ են մեր ազգային եւ պետական շահին: Ակնհայտ է, որ ԱԳՆ այս հայտարարությունն ազդակ է իրավապահ մարմինների համար, որոնք հերթական անգամ պարտավոր են պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցել:

Արա Այվազյանը միակն էր, որ հանդիսանալով Նիկոլ Փաշինյանի իշխանության նախարար՝ հանցագործության մասին հաղորդում տվեց նրա դեմ:

Բայց սա առաջին դեպքը չէ, երբ հեղափոխության միջոցով իշխանության եկած, ժողովրդավարության բաստիոն հռչակած հեղափոխական թիմի կոնկրետ անձինք հրաժարական են տալիս եւ վտանգներ մատնանշում երկրի, պետականության, ինքնիշխանության, Արցախին սպառնացող վտանգների մասին: Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տալիս Փաշինյանին սթափության կոչ արեց, ամսիներ անց նա դարձավ Փաշինյանի ամենամոլի քննադատողներից մեկը։ «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», – նշել էր Արթուր Վանեցյանը:

Իր քայլը որպես սթափության կոչ էր բնորոշել նաեւ Ոստիկանության նախկին ղեկավար Վալերի Օսիպյանը:
Պատերազմի ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարած Միքայել Համբարձումյանը իր պաշտոնից հրաժարվելու պատճառներից մեկը համարում է այն հանգամանքը, թե ինչու պատերազմը շուտ չի դադարեցվել։

ՀՀ զինված ուժերի շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ շտաբի մյուս անդամներն իրենց հայտարարություններով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով. «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ փորձելով պարզել՝ ինչ գործընթացներ կհետեւեն Արա Այվազյանի հայտարարություններին: Սպասում ենք հարցման պատասխանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ