Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ստանձնել է աշխատանքային պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ю

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ստանձնել է աշխատանքային պարտականությունները՝ հայտնում են մարզպետարանից: Նորանշանակ մարզպետը ևս հանդես է եկել խոսքով, որը ներկայացնում ենք ստորև.

«2021 թվականի մայիսի 27-ից ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Կոտայքի մարզպետ: Մեր պետության համար բավականին բարդ այս ժամանակահատվածում պատվով և մեծագույն պատասխանատվությամբ եմ ստանձնում Հայաստանի Հանրապետության առանցքային մարզերից մեկի՝ Կոտայքի մարզի ղեկավարումը։

Սիրելի՛ կոտայքցիներ, տեղական ինքնակառավարման համակարգում երկարամյա աշխատանքի շնորհիվ քաջածանոթ եմ մարզային ու համայնքային խնդիրներին, պատկերացնում եմ դրանց լուծման ուղիները, ունեմ մարզի երկարաժամկետ զարգացման իմ տեսլականը։

Վստահ եմ՝ հմուտ և բանիմաց գործընկերներիս, ինչպես նաև քաղաքացու գործուն աջակցությամբ կապահովենք մարզի կառավարման արդյունավետության բարձրացումը՝ ի նպաստ մեր համայնքների կայուն և համաչափ զարգացման:

Ապագայի հանդեպ հավատը հատկապես կարևորվում է հետպատերազմյան այս դժվարին և ջրբաժանային փուլում, երբ պետական կառավարման համակարգն առավել ուշադիր պետք է լինի քաղաքացու, նրա հոգսերի և խնդիրների նկատմամբ, միտված լինի տնտեսական զարգացման առավել բարենպաստ մթնոլորտի ապահովմանը։

Միայն քաղաքացու և Կառավարության հետ համատեղ ուժերով է հնարավոր վերականգնել ապագայի հանդեպ սասանված հավատը և կերտել համազգային նոր ձեռքբերումներով ամրացած պետություն, ապահով և երջանիկ Հայրենիք։

Սա է առաջիկա մեր գործունեության իմ ուղենիշը, որը պետք է կյանքի կոչենք նվիրումով՝ ներդնելով աշխատանքային փորձի արդյունքում ձևավորված ունակություններն ու հմտությունները՝ չխնայելով ջանք ու եռանդ։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը՝ երկրի համար այս բարդ փուլում իմ հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար»:

--00--ԱՀ