Պահանջում ենք անհապաղ հրապարակել այս պահին ՀՀ-ում փաստացի ներկա ընտրողների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Ազատ Հայրենիք

Պետական կառավարման ու ինքնակառավարման մարմիններին, իրավապահ և ընտրական համակարգերին հասցեագրված միանգամայն անընդունելի հրահանգ-ուղերձ է, իսկ հանրության համար պատերազմով ահաբեկելու հոգեբանական քարոզչական ահաբեկչութուն է վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի՝ մայիսի 29-ին արտասանած այն միտքը, թե իբր հայ հասարակության համար չի մեկնարկի խաղաղ զարգացման դարաշրջանը, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա 60 տոկոս քվե: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ Հայրենիք» դաշինքը: Հիշեցնենք, որ այս դաշինքում ներառված է 5 քաղաքական ուժ, դաշինքի ցուցակը գլխավորում է Միքայել Հայրապետյանը:

Հայտարարությունում նաև ասվում է. «2020թ.-ից շարունակվող ազգային ողբերգությունն ուղիղ հակառակն է ապացուցում. աղետն ու պետականության գահավեժ ընթացքը չեն դադարի, եթե հանրությունը թույլ տա, որ ներկա իշխանությունը վերարտադրվի: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հանրության ընդամենը 26 տոկոսը չի պատկերացնում աղետի ահագնությունը և առայժմ շարունակում է վստահել ստախոսությանը:

Խստորեն դատապարտում ենք ընտրարշավի մեկնարկային փուլում հանրությանն ընտրությունների ակնհայտորեն կեղծ արդյունքներին ընտելացնելու այս փորձը։

Հաշվի առնելով անցյալում երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու տխրահռչակ ավանդույթը՝ կառավարությունից պահանջում ենք անհապաղ հրապարակել ներկա պահին Հայաստանում փաստացի ներկա և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը»:

 --00—ՄՀ