Արջի քոթոթի սպանության դեպքի առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

արջ

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Այս մասին ասվում է ՀՀ Շրջակա միջավայրի ֆեյսբուքյան գրառման մեջ: Արձագանքելով Արմավիրի մարզում արջի քոթոթ սպանելու դեպքին՝ նախարարությունից տեղեկացնում են.

«Newspress.am կայքն ահազանգել է Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության վերաբերյալ։

Համացանցում է հայտնվել լուսանկար, որտեղ 2 քաղաքացի հպարտ ու երջանիկ տեսքով լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։ Նրանք, ըստ ամենայնի, սպանել են այդ քոթոթին ու հպարտանում են իրենց որսով։

Շրջակա միջավայրի նախարարությունը դիմում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։

Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։

Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․

-տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով

-կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB (թեժ գիծ՝119) կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»։

--00--ԱԹ