Անհապաղ կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն․ ԱԺԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Անհապաղ կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն. զոհերն ու գերեվարումները հետևանք են
Թշնամին շարունակում է տարբեր հատվածներում խորանալ մեր տարածքում և սպանել ու գերեվարել մեր զինվորներին։

44-օրյա պատերազմի ընթացքում ըստ Լավրովի պլանի Արցախը հանձնելուց հետո գործող վարչակազմը լծվել է «Լավրովի պլան 2»-ի սպասարկման գործին, որի նպատակն է ռուս-թուրք-ադրբեջանական առևտուրը ավարտին հասցնելու համար Հայաստանից պոկել նաև Սյունիքը, Գեղարքունիքի ու Տավուշի մի մասը և մեր երկիրը դարձնել ինքնիշխանությունից զուրկ թուրք-ադրբեջանական տարանցիկ գոտի։

Ասվածի հիմնական ապացույցն այն է, որ, չնայած Ռուսաստանի ակնհայտ հակահայ ու ադրբեջանամետ կեցվածքին ու գործողություններին, վարչակազմը շարունակում է որպես արբիտր ճանաչել նույն Ռուսաստանին ու նրա գործիք ՀԱՊԿ-ին և մերժում է Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը երաշխավորելուն ուղղված ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատրաստակամությունը։
Անգամ Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու և ճգնաժամի հաղթահարումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ձևաչափ տեղափոխելու վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկությունները մնացին անպատասխան, մինչդեռ դրանց իրագործման մեկնարկն անգամ բավարար կլիներ թշնամու ախորժակը փակելու, նրան ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև գերիներին տուն բերելու համար։

Դեռևս մեկ տարի առաջ Ազգային-ժողովրդավարական բևեռը կանխատեսել և իր Հռչակագրում ու դրանից բխող հայտարարություններում նշել էր, որ քաոսի վերածվող համակարգային ճգնաժամը հնարավոր է հաղթահարել բացառապես հակաճգնաժամային անցումային կառավարման միջոցով։

Հաշվի առնելով, որ Ռուսաստանի քայքայիչ գործունեության ակտիվացման ու ծավալման համատեքստում ահագնացող ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ընտրությունները կիրառվում են որպես քաոսը խորացնող լրացուցիչ գործոն, Ազգային-ժողովրդավարական բևեռը մեկ անգամ ևս դիմում է Հայաստանի և հայրենաբնակ հայության գոյությամբ մտահոգ գործիչներին ու շրջանակներին, առաջարկելով.

1) միավորվել վերկուսակցական ձևաչափով, համախմբել ժողովրդին, հեռացնել աղետաբեր չարիք դարձած Նիկոլ Փաշինյանին և կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն,

2) կազմել և իրագործել հակաճգնաժամային անցումային ծրագիր,

3) հրաժարվել Ռուսաստանի՝ մեզ պարտադրվող միջնորդական գործառույթից, հաղթահարել նրանից միակողմանի կախյալությունը, ընդունել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությունը և հարցերի լուծումը տեղափոխել միջազգային ձևաչափեր, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ,

4) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Բնականաբար, այս գործողությունների համատեքստում առաջնահերթորեն կլուծվի գերիների վերադարձի հարցը, քանի որ դրանց շնորհիվ Ադրբեջանը կհայտնվի անհաղթահարելի միջազգային ճնշման տակ»։

--00--ԱՀ