6 զինծառայողներն ունեցել են սահմանի կահավորման խնդիր, նրանք առևանգվել են մեր տարածքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Կառավարության՝ մայիսի 27-ի նիստը մեկնարկին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրավիճակին, մասնավորապես Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողների գերեվարմանը՝ նշելով, որ նրանք իրականացնելիս են եղել պետական սահմանի կահավորման և ականապատման աշխատանքներ:

«Այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այիսինք՝ դրանք արվել են ոչ թե դիվերսիոն նպատակով, այլ ականապատում է իրականացվել՝ զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատ լինելու վերաբերյալ: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Իհարկե, հետագայում եղել է տեղեկություն, որ մեր զինվորները գերեվարվել են: Հանգամանքները պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է. դա, ըստ էության, գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են, և այս կարգի գործընթացները տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող:

«6 զինծառայողներն ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը շարունակաբար տեղի է ունենում սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ հարցն ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով: Պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողներն ու բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը:

Միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերն արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ուղղակի սպառնացող վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է, երբ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու և կարգավորելու համար: Եվ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք»,- նշեց Փաշինյանը:

--00--ԿԿ