ԱԳ փոխնախարարն ու Հորդանանի նոր դեսպանն անդրադարձել են Հարավային Կովկասում զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ԱԳՆ Հորդանան

Մայիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը՝ բարեկամ երկրների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար:

Կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակն ու վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները՝ զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, զբոսաշրջության զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր: 

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրների:

--00--ԱԹ