Սպանության փորձ՝ Երևանում․ Նորք-Մարաշցին կրակել է նույն թաղամասի բնակչի ձախ կրծքավանդակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

քկ

2021 թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ին, Երևան քաղաքի «Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել  Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասի բնակիչ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նախնական տվյալների համաձայն՝ 2021 թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ կրակ է արձակել նույն թաղամասի բնակչի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

--00—ԼՄ