Պայքարող պետությո՞ւն, թե՞ այրված այգեստաններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար
«Ուրեմն մենք պարտավոր ենք հաղթել այս արագացող խաղի պայմաններում:

Իսկ դրա համար անհրաժեշտ է գեթ մի, թեկուզև աներևույթ պահ կանգ առնել ավարտված նախորդ և չսկսված հաջորդ վարկյանների սահմանագծին, երկու գնահատող և իմաստավորված հայացք նետել՝ մեկը՝ ետ, մյուսը՝ առաջ, հստակեցնել նպատակը, որոշել խնդիրը, գտնել միջոցները և նոր միայն քայլ կատարել դեպի առաջ, վստահ, որ դա հենց այն քայլն է, որը միակ անհրաժեշտն է ու ճշմարիտը»:

Այդին Մորիկյան, «Հայաստանի Հանրապետություն», 1999.01.1

 

Հայաստանի ներկան թույլ չի տալիս գնալ դեպի ապագա։

Ապագան խիստ վերացական բան է, եթե կառուցված չէ անցյալի իմաստավորված արժեքների վրա, և այսրոպեականն ընդամենը ընթացիկ կամուրջ է տվյալ երկու գոյություններն իրար շաղկապելու համար։ Մեր ներկան հիմա մեզ գերի է վերցրել։ 

 

Ի՞նչ ունենք այժմ։

Համազգային առումով հայը կորցրել է իր առաքելությունը և տանուլ է տվել խոշոր խաղում,  յուր պետությունը կազմալուծել է` փախչելով իրական գաղափարներից, և ընտրել է կեղծ կատեգորիաներով շարժվելու ուղին։ Հրաժարվել է հասունությունից ու վերադարձել է զգացականության դաշտ, հրաժարվել է ինքն իր վրա հույսը դնելու լրջմտությունից և վստահվել է ուրիշներին այն էլ տրվելու կանացի ձևով ու ոճով։ Հավատքի մեջ խիստ թերացել է,  մաշկապաշտության մեջ բոլորին գերազանցել։ Ժողովուրդն ազգ չի դարձել և ընկել է ցեղային կացութաձևի փոսը։ Հավաքական առումով կույր ու խուլ է, անհատապես միտք արտադրում են քչերը, իսկ շատերը չգիտեն՝ իրենք ով են, ու մարդավարի չեն կարողանում ձևակերպել՝ ինչ են ուզում։

 

Խավարը պատեց Հայաստանը։

Սա ճգնաժամ չէ, միջանկյալ իրավիճակ չէ, ծանր դրություն չէ, սա աղետ է, որը արդյունք է մտավոր հետընթացի, հոգևոր սովի, ոգու չգոյության, անասնական վախի, միայն մարմնավոր ու կենցաղային հաճույքների և առավելությունների գերակշիռ գոյության։

 

Հայաստանը լքված է բոլորի կողմից։

Ինչո՞ւ, որովհետև հայրենակիցն առաջինը թողեց իր հայրենիքը, երբ չդարձավ քաղաքացի ու մարդկային որակների մեջ էլ չմնաց, երբ մարմնավաճառն ու թիկնապահն ավելի արտոնյալ ու բաղձալի կարգավիճակ ու կյանք էին վայելում, քան զինվորականը, գիտնականը, մշակութաբանը, մանկավարժը։ Հայաստանում ոչ թե բարքերը փոխվեցին, այլ մարդիկ այլասերվեցին, և մերձավորասիրության ու բարոյականության տեղը գրավեցին զոռբայությունն ու չտեսությունը։

Հայը դարձավ «առավ֊փախավ» իր իսկ պետությունից ու ժողովրդից։ Մենք պարտվեցինք ինքներս մեզ։ Ոչ վաղը անցյալում համարվելով ազատության ամենափայլուն շարժման առաջատարը, անկախական ճշմարիտ պետականության մարմնացումը, ազատագրած հողի տերը, հզոր բանակով հպարտացողը, հարվածային ուժի ու դեմակրատական հիմքերով կղզին` հրաժարվեցինք նվաճումներից, ճիգ չգործադրեցինք հարատև ուժեղ դառնալու համար և ընտրեցինք «օջախն ամեն ինչից վեր է» սոցիալական երևույթը։

Հաղթանակի միտքը հային «հուշտ» է անում, քանի որ այն երազանք չէ, այլ նպատակ, որը, ի տարբերություն իղձականությանը, անկոտրում հավատքի, սթափ ու սառը մտքի, սարսափեցնող կամքի և աննահանջ անվախության ամենժամյա աշխատասիրություն է պահանջում,  մինչդեռ մենք գիտենք ու համոզվել ենք, որ «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից... Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս֊մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով... Եվ երազում՝ մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով, ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա» (միտքը՝ Վանոյի թեզից)։

Նման իրավիճակում նույնիսկ արտագաղթելն է ամոթ, քանի որ «հա՞յ ես» հարցի դրական պատասխանի դեպքում պիտի արժանանաս օտարերկրացու, իսկ տվյալ պահին բնիկի, արհամարհանքին և դեմքի հեգնաժպիտ արտահայտությանը։ Եվ շարունակությունը, որ դու Տիգրան Մեծի, Մաշտոցի, Պապ թագավորի,  Նարեկացու, Լևոն Բ Ռուբինյանի, Թորոս Ռոսլինի, Մոմիկի ու Չարենցի և Սարյանի, Կալենցի, Մաթևոսյանի ազգից ես, ավելի է խորացնելու զզվանքի վերածվող արտասահմանյան վերաբերմունքը քո հանդեպ, որովհետև, փաստորեն, ինչքան վատն ես, որ ունենալով մեծերի ու շնորհալիների, տիեզերական ուսուցիչների հարստություն` գրեթե ոչինչ չես սովորել, հասկացել, յուրացրել ու ընկել ես նախնիների մեջ երևելիներ և արժանավորներ չունեցող, ինչ֊որ կենսատարածքում ապրող,  մարդատեսակ համարվողների մակարդակին, որոնց համար միայն  ուտելու ու բազմանալու բնազդով ապրելը նորմալ է, իսկ քո դեպքում` հանցագործություն։

 

Հիմա քո թշնամին դու ես, հա՛յ։

Կրոնիցդ հեռացած, մեծերիդ մերժած, պատիվդ ծախած, ընկած ուրիշի ոտքի տակ, որը հենա-հենա պիտի իջնի ու ճզմի, եղածդ ավարտին հասցնի։

Միայն պառվաբոզին է հաճելի, երբ իրեն բռնաբարում են։ Որովհետև ինքն այլևս ցանկալի չէ, բայց արդեն պատմական դարձած ապրված սեռական կյանքի հիշողությունը մերթընդմերթ, զգացնել է տալիս` փլված մարմնի մեջ դող տալով, ու եթե բռնության է ենթարկվում, հոգու խորքում ցնծում է, միտքն էլ ժպտում է. «Ուրեմն դեռ վերջնական չեմ մաշվել, տենչացողներ կան, ուղղակի ձևն է կոպիտ և հասկանալի է, որ էս տարիքում, նման բանի մեջ, ռոմանտիկա չի կարող լինել, կատարված ակտն էլ ոչ թե գլուխգովելու, այլ ամոթի փաստ է, թե չէ հիմա տալը տրիումֆի պես բան է»։

 

Փաստորեն էս խելքի ենք, որ այս օրին ենք։

«Ինչո՞ւ այսպես եղավ» ֊ հիմար հարցը նորից չտանք, որովհետև, երբ որ 5000 տարվա մեջ լրջանալու ու խիզախելու, հաջողելու պահերդ այնքան քիչ են, որ նրանց պատմությունները սկսվում ու ավարտվում են սկզբնական դասարանների աշակերտների գիտելիքներով, տեղավորվում են թոթովախոս երեխաների հիշողության մեջ և առանձնապես հիանալի չեն, իսկ ապուշություններդ, որ ողբի են վերածվում` բյուր ու բազմաթիվ, ապա այս հարցը շրջանցել է պետք և մտածել ինչ անելու կամ չանելու մասին, դա էլ է ընտրություն, քանի որ պերմանենտ անհաջողությունները հոգին սպանելու ու թուլությունը,  պարտությունը գենետիկ դարձնելու վտանգավոր հատկություն ունեն։

Բայց, եթե որոշում ենք ապրել, ոչ թե գաղթականի պես քարշ գալ, ուրեմն գիտակցենք, որ սա կա՛մ վերջն է, կա՛մ սկիզբը։ Կա՛մ փակում ենք վերջին էջը, կա՛մ շարունակում ենք ոչ այսպես, չենք հետաձգում ոչ մի բան։

Առաջինը. համահայկական զուլումը մարմնավորում են Նաիրին Հունանյանը և Նիկոլ Փաշինյանը, որովհետև Վազգենի սպանությամբ դրվեց անկախ ու ուժեղ պետականության քանդման հիմքերը և Վազգենի՝ այսօր ամենից պահանջված ներկայության բացակայությամբ է կատարվում Ղարաբաղի օտարումը, հայրենիքի մասնատումը, բանակի լուծարումը ու Հայաստանի պետությունների շարքից դուրս մղումը։ Հոկտեմբերի 27֊ի կրակոցները հիմա ավելի ուժեղ են լսվում։ Եվ Նաիրիի, Նիկոլի փառաքաղց, բայց թույլ սերունդը, երբ որ մտածեց, որ ավելի լավն է, քան անկախություն բերած, հաղթանակ կերտած, ինքնիշխան պետություն, բանակ, ներքին գործեր ու անվտանգություն ստեղծած ու պահած սերունդը, և սկսեց ակտիվություն ցուցաբերել, պետությունը ընկավ ցնցումների գիրկը, կորուստների անկման մեջ։

Բայց հիմա Նիկոլն է ղեկի մոտ, մեկը, որ պոպուլիզմի, կեղծիքի, ցինիզմի,  եղբայրասպանության, հակապետականության, ազգադավության, թուլության և պարտության ու կործանման սիմվոլն է։

Իրոք, աննախադեպ է «փաշիզմի» հանցավորությունը հայոց պատմության մեջ։

Այն իր դավադիր հիմքերը դրեց և հիմա մանիպուլացնում է խենթացած ու շփոթված մարդկանց։ Հայաստանը վերածվել է ծուռ հայելիների բնաշխարհի, և երբ նիկոլականների կողմից ասվում է «Կա, ապագա կա», դա պետք է հասկանալ այնպես, ինչպես իրենք կառավարել են, այսինքն՝ ուղիղ հակառակը։

Հայկականության գործոն լինելը այսօր դրվել համակարգային քանդման վրա։ 2020֊ի բլիցկրիգային պատերազմից հետո պատերազմը շարունակվում է սողացող ձևով և էությամբ։ Ներսում դիմադրողականությունը փոշիացած է, պաշտպանիչ ուժը՝ ջախջախված, և թշնամին լրջորեն ու ամբողջությամբ օգտվում այս ամենից։ Ժամանակը աշխատում է առաջին հերթին մեր դեմ, հետո` հօգուտ թշնամու, և այսօր հայրենական քաղաքական ուժերը զբաղված են վերադասավորման գործով ու շարժվում են խաղի տրամաբանությամբ, մինչդեռ Հայաստանում ոչ միայն խաղի լիմիտն է ավարտվել, այլև ժամանակն է կանգնել։

 

Գալով ներքաղաքական և նախընտրական թեմաներին

Ճիշտ ու շիտակ դիրքից է հանդես գալիս հիմնադիր պրեզիդենտը` հեռացնել Փաշինյանին, կանխել Քոչարյանի վերադարձը։

Միակ պետականաշահ առաջարկը հենց Տեր֊Պետրոսյանը արեց` ուղղված Ռոբերտին ու Սերժին։

Այն որպես միտք գերազանց էր, որպես կոմբինացիա` փայլուն, որպես քայլ՝ մատ՝ առանց շախի, այսինքն՝ վերջնական։

Լևոնը ցույց տվեց, որ կանգնած է պետականության պահպանման դիրքերում, իսկ Քոչարյանը` անձնական։ Առաջարկի ընդունման դեպքում երեք պրեզիդենտները հանդես կգային հանուն հանրապետության փրկության ելակետից և խորտակիչ հարված կհասցնեին կապիտուլյանտ վարչակազմին։ Սա նաև կլիներ հաշտություն հասարակության ու ժողովրդի հետ և կնվազեցներ նրանց նկատմամբ տարիների ընթացքում կուտակված իրական ու անիրական բացասական վերաբերմունքը։

Սակայն Քոչարյանը գերադասեց սեփական խաղի տրամաբանությունը, այն է` արտահերթ ընտրությունների ժամանակ, եթե չի հավաքում իշխանություն դառնալու անհրաժեշտ ձայների քանակը և կոալիցիաներով չի կարողանում մեծամասնության տեր դառնալ, ապա պառլամենտում ամրապնդվում է խմբակցությամբ ու շարունակում է ընդդիմադիր վարքագիծը` հաշվարկելով, որ Նիկոլը չի կարող երկար մնալ կառավարող դիրքում, աշխարհաքաղաքական օպերացիայի նրա դերակատարման ավարտից հետո նա պետք չի լինելու դրսի ուժերին, և ինքը իշխանությունը կվերցնի։ Սակայն, եթե Քոչարյանը չի հաջողում հունիսի 20֊ին, ապա դառնալու է փաշիստական վարչակազմի վերարտադրության համար մեկ պատասխանատուն և միգուցե որոշ ժամանակ պահպանի գլխավոր այլընտրանքի կարգավիճակը, բայց նրան չի հաջողվելու մոնոպոլիզացնել ընդիմադիր դաշտը․ դա թույլ չեն տալու Տեր֊Պետրոսյանն ու Սարգսյանը, ում համար Լևոնը համագործակցության դուռը բաց պահեց, և Սերժն էլ կարծես չհրաժարվեց։

Նիկոլ Փաշինյանի կրկին վարչապետ դառնալու դեպքում կսկսվի հետընտրական գործընթաց, երկրորդ ալիք, որում իրենց դերակատարությունը կմեծացնեն այլ խաղացողներ՝ նվազեցնելով Քոչարյանի ազդեցությունը։

Սա, իհարկե, համեմատաբար հանդարտ ընթացքի դեպքում` առանց սուր ֆորս մաժորների և, առավել ևս, (դրսից) կազմակերպված դավադրության բացակայության պարագայում, որը միգուցե արդեն կա, բայց թաքցված է վարագույրի հետևում։

Նաև հաշվի առնենք, որ Քոչարյանը կարճ դիստանցիաների սպրինտեր է և էսքտրեմալ ու ճգնաժամային իրավիճակների վարպետ, մինչդեռ Սերժ Սարգսյանը, ինչպես ճայը, տեսնում է հեռուն և երկարատև խաղային պարտիաների գրոսմայստեր է, ով միակն է, որ այս մարտին է նետվում՝ թիկունքում ռեզերվ ունենալով։

Հայաստանում` նամանավանդ այս պայմաններում, իշխանությունը չի կարող փոխվել ընտրության միջոցով, և հետընտրական պայքարը անխուսափելի է։ Նիկոլը հանգիստ չի հրաժարվի վարչապետությունից և անկասկած կգնա ընդհարման։ Մեկ մարդու արյունն իսկ կբերի մեծ բախումների, և քաոսը ամբողջական կդառնա, կօգտվեն դրսի ուժերը։

Պատկերին նայելիս երևում է, որ երկիրը տևական ժամանակ չի լինելու շահեկան վիճակում․ հնարավոր սցենարների զարգացումը դա է հուշում։

Պետությունը կարիք ունի փրկության, և որպեսզի այն ճիշտ հիմքերով լինի, ապա պետք է դոմինանտ դառնան «Ղարաբաղ կոմիտեի» և Շարժման իշխանության գաղափարները, արժեքները, սկզբունքները, մոտեցումները, նպատակները, գործելաոճը` Վազգեն Սարգսյանի առաջնորդության ձևով, էությամբ և նմանությամբ։ Ինչո՞ւ Վազգենի, որովհետև նա էր, որ, չհրաժարվելով ռացիոնալիզմից, շեշտադրում էր ոգեղենության վրա, և անհնարինը հնարավոր դառնալու հավատք ու դարձնելու կամք ուներ։

 

Նվիրվում է Այդինի անմահ հիշատակին

 

Ռուբեն Վարդանյան

Պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ