Պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինվորներին կօգնեն մասնագիտական կողմնորոշման հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շահառու հանդիսացող զինծառայողների մասնագիտական կողմնորոշման և ներառման ծառայությունների կազմակերպման հարցում։

Այսպիսով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առնում «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղի կողմից կազմակերպել և անցկացնել շահառուների հետ աշխատող մասնագետների վերապատրաստման դասընթացներ, մեթոդական աջակցություն և խորհրդատվություն:

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ն պարտավորվում է համապատասխան որակավորմամբ մասնագետների թեկնածություն ներկայացնել՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար։

Հուշագրի կնքումը նպատակ ունի աջակցել զինծառայողների սոցիալական ներառմանը, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության ապահովմանը։ 

 --00—ԼՄ