ԱՄՆ-ը աշխատանքներ է տանելու ՄԱԿ-ում, որպեսզի մարդասիրական արագ օգնություն հասցվի Գազային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

Համաս

Իսրայելի եւ Համասի միջեւ ուրբաթ օրը կեսգիշերից երկու ժամ անց սկսվեց հրադադար: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն անցած տասնմեկ օրերի ընթացքում վեց անգամ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

«Պաղեստինցիներն ու իսրայելցիները հավասարապես ունեն ապահով ու անվտանգ ապրելու, ազատություններից, բարգավաճումից ու ժողովրդավարությունից հավասարապես օգտվելու իրավունք: Եվ իմ վարչակազմը շարունակելու է իր անկոտրում դիվանագիտական առաքելությունն այդ ուղղությամբ»-, ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Բայդենը հատկապես բարձր է գնահատել հրադադար հաստատելու գործում Եգիպտոսի խաղացած դերը, եւ նշել, որ ԱՄՆ-ը աշխատանքներ է տանելու ՄԱԿ-ում, որպեսզի մարդասիրական արագ օգնություն հասցվի Գազայի ազգաբնակչությանը:

Հաստատված հրադադարը ողջունել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ու հորդորել, որ կողմերը հավատարիմ մնան ձեռք բերված պայմանավորվածությանը:

Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմը արգելափակել էր, թույլ չտալով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդուներ մարտերը դատապարտող եւ զինադադար սկսելու մասին հայտարարություն: ԱՄՆ-ի այս քայլը մի շարք երկրների կողմից էր արժանացել քննադատության: Նման հայտարարություն հրապարակելու համար պահանջվում է, որ խորհրդի անդամ բոլոր տասնհինգ պետությունները կողմ քվեարկեն դրան:

Գազայում տասնմեկօրյա ռազմական գործողությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 230-ի, որոնցից 65-ը երեխաներ են: Իսրայելում գրանցվել է 12 զոհ:

ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ Գազայից ավելի քան 72 հազար պաղեստինցի է տարհանվել:

 --00—ՄՀ