Պուտինը հատուկ շեշտել է Տիգրան Սարգսյանի ծրագրի արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

․

Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ստեղծած «Ճանապարհորդում ենք առանց քովիդ» ծրագիրը կարևոր նշանակություն ունի համավարակի պայմաններում բաց սահմանների քաղաքականության ապահովման համար։ Այս մասին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Հատուկ ուզում եմ ընդգծել «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից ստեղծված «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» թվային ծրագիրը։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերներն էին առաջ քաշել այս նախաձեռնությունը։ Այս ծրագրի շնորհիվ հնարավոր է դառնում հատել պետական սահմանները՝ հաշվի առնելով ներկա սանիտարական վիճակը», - ասել է նա։ 

Առաջիկայում նաև գործարկվելու է թվային նոր նախաձեռնություն՝ «Աշխատանք առանց սահմանների», որը նույնպես ստեղծվել է «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից, որը ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» ծրագիրը գրեթե մեկ տարի փակ մնալուց հետո հնարավորություն տվեց բացել Հայաստանի և Ռուսաստանի սահմանները։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ապրիլին Մոսկվայում՝ ԱԳ նախարարության շենքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ առաջարկել էր արտասահմանյան բոլոր գործընկերներին «որդեգրել» այս ծրագիրը՝ համավարակի պայմաններում ՌԴ-ի հետ անխափան ուղևորափոխադրում իրականացնելու համար։

--00--ԱՀ