ՀՀ վարչապետի յուրաքանչյուր նոր ելույթ փաստերի նոր մանիպուլացում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

ԱԱԾ

ՀՀ վարչապետի յուրաքանչյուր նոր ելույթ փաստերի նոր մանիպուլացում է, դիլետանտիզմի նոր դրսեւորում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության պահետազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի հարց ու պատասխանում երկրի թիվ մեկն ուսուցանում էր պատգամավորին․ «Այն առաջնագիծը, որն այսպես տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, ուրեմն դա վատ առաջնագիծ է, եւ փառք Աստծո, ոչ դուք, ոչ էլ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել, եւ ես ուրախ եմ դրա համար»:

Այս «լիկբեզից»  ինն օր անց, չհանդիպելով ոչ մի դիմադրության, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հայոց «ռազմագիտակի» գովական առաջնագիծն անցան ամենասովորական քայլերթով՝ 3,5 կիլոմետրի չափով խորանալով մեր ինքնիշխան պետության տարածք։

Փաստերի մանիպուլյացիայի ու դիլետանտիզմի մեկ այլ վկայակոչում։

Այդ նույն հարց ու պատասխանում պետության առաջին դեմքն առաջնագծի աշխատանքները հիշատակում էր որպես գաղտնի այն դեպքում, երբ թշնամին անօդաչու սարքի տեսադիտարկման, ջերմադիտարկման համակարգով «ընթերցում» է ամեն ինչ, ընդհուպ  ֆիքսելով քո սպայի ուսադրի աստղերը։

Վերը հիշատակված խորհրդարանական հարց ու պատասխանը մանիպուլյացիայի, դիլետանտիզմի կողքին նաեւ, ըստ էության, պոպուլիզմի դասական օրինակ էր, որտեղ հայտնի КВН-ի տարբերակով տրված հարցին ակնկալվում է սրամիտ պատասխան։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ ԱԺ ամբիոնը КВН-ային բեմ չէ, հարցերին, դրանցում եղած գաղտնիությանն էլ ուշի-ուշով հետեւում է թշնամին։

Փաստերի մանիպուլյացիայի, դիլետանտիզմի ու պոպուլիզմի  շարունակական շղթա էր նույն այդ վարչապետի երեկվա ելույթը ՀՀ Աժ արտահերթ նիստում, որտեղ արծարծված փաստերի հատ առ հատ հիշատակումն, ըստ էության, նույնն է, թե վերցնես ու ամբողջ ելույթը շարադրես։

Այս ամենն ունի իր պատճառահետեւանքային խոր կապը, որտեղ գլխավորն անտարակուսելիորեն այն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո երկրին անհրաժեշտ է պատասխանատվության ու կամային բարձր որակներով օժտված, ազգային շահերով առաջնորդվող, միասնական հայրենիքի գիտակցում ունեցող  իշխանություն։

--00—ՄՀ