Առաջարկվում է Արցախում դատախազ կամ քննիչ նշանակել 22 տարեկանից սկսած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Հասարակական

Մայիսի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Նիստին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն ներկայացրել է  Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է «Դատախազության մասին» օրենքում նախատեսել «գլխավոր դատախազությանն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ» եզրույթը:

Դատախազ կամ քննիչ նշանակվելու համար պահանջվող տարիքի նվազագույն  շեմը առաջարկվում է իջեցնել մինչև 22 տարեկանը:

Հաջորդ դրույթը դատախազների և քննիչների աշխատանքային փորձի  վերաբերյալ է: Առաջարկվում է հրաժարվել դատախազության համակարգ աշխատանքի ընդունվելու համար պարտադիր ուսումնառություն անցնելու օրենսդրական պայմանից, այն փոխարինելով նոր ընդունված դատախազին կամ քննիչին պարբերաբար վերապատրաստելու ու մեկ տարվա աշխատանքից հետո նրա՝ պաշտոնին համապատասխանությունը ստուգելու եղանակով:

Առաջարկվում է պարտադիր ատեստավորում սահմանել նաև դատախազության կառուցվածքային և  տարածքային ստորաբաժանումների ղեկավարների համար:

Պատգամավորները հանդես են եկել առաջարկություններով: Քննարկումների արդյունքում պարտադիր ատեստավորման մասին դրույթը հանվել է օրինագծից:

3 կողմ, մեկ ձեռնպահ ձայների համամասնությամբ օրենքի նախագիծը ստացել է  խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նիստում ներկայացվել է նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Այն վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնորղ անձանց, քննչական կոմիտեի ծառայողների, հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներին:

Հաջորդիվ քննարկվել է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» նոր օրենքը, որով սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները, դրանց տեսակները, ինչպես նաև կարգավորվում են Արցախի Հանրապետության պետական պարգևներ հիմնելու, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգի, դեպքերի և պետական պարգևները կրելու կանոնների հետ կապված հարաբերությունները։

«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» նոր օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է մի շարք իրավահարաբերությունների, մասնավորապես՝ ներկայումս գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքում և նշված ոլորտը կարգավորող այլ օրենքներում առկա օրենսդրական բացերի, հակասությունների և թերի կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ :

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջին ընթերցմամբ կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

--00--ԿԿ