Ես այդ թուղթը ստորագրելու եմ, եթե Բաքուն իրագործի պայմանները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Համացանցում հրապարակվել է փաստաթուղթ, որի 90 տոկոսը սևով ծածկված է և ներկայացվում է որպես ապացույց, թե ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ․ կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Եթե էդպես է, դրա տողերը պետք է բացվեն, ներկայացվեն հանրությանը, ինչի՞ եք թաքցնում բա։  Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում, ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ինչքան վերլուծում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից: Եվ ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ», - ասաց  Փաշինյանը:

Նա նշեց, որ փաստաթուղթը չի հրապարակի, քանի որ կոռեկտ չի համարում, աշխատանքային թուղթ է,  բանակցություններ են գնում: