Բնակարանային գողություն՝ Սարուխանում․ հեղինակը 20-ամյա գավառցին էր․ բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մի բնակիչ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր տվել, որ եղբոր տնից գողություն են արել։

Օպերատիվ խումբը մեկնել էր Սարուխան։ Պարզվել էր՝ ապրիլի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և գողացել հեռուստացույց: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։

Բացահայտման աշխատանքներին միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է Գավառ քաղաքի 20-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 18-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին, ապա ներկայացվեց

Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ։

--00—ԼՄ