Ադրբեջանի հետ ռազմական նոր բախումն այլևս ժամանակի հարց է, գուցե՝ օրերի. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ըստ ամենայնի հայ-ադրբեջանական ռազմական նոր բախումն այլևս ժամանակի հարց է: Հնարավոր է` օրերի: Ադրբեջանը ռազմաքաղաքական առևտրի նոր հայտ է ներկայացնում: Բացի Հայաստանից մարտահրավեր է նետված նաև տարածաշրջանում շահ հետապնդող երկրներին: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Բնականաբար, Թուրքիան էլ անմասն չէ: Դրույքներն են բարձրացնում: Թուրք-ադրբեջանական դաշինքի հաշվարկը հայկական կողմի ապիկար իշխանությունների ու քաոտիկ վիճակի վրա է հիմնված:

Եվ ուրեմն ի՞նչ է պետք անել: Իմ կարծիքով մեր ռազմավարությունը բավական պարզ է` ձերբազատվել դավաճան իշխանություններից ու մի լավ դաս տալ չափ ու սահմանը կորցրած թշնամուն: Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները ոչ մի պարագայում չի կարելի ադրբեջանցիներին թողնել: Դա մահացու վտանգ է հայկական երկու պետությունների համար էլ: Բայց Ադրբեջանի զինված ուժերի հետ բախումը կարող է տեղի ունենալ նաև մինչ դավաճանների իշխանության հեռացումը: Այդ պարագայում մեր Բանակը պետք է լավ գիտակցի, որ Սյունիքում կյանքի ու մահի խնդիր է լուծվում: Այնտեղ ամեն գնով պետք է կոտրել թշնամու ոգին ու դնել մեր ազգային արժանապատվության վերականգնման փառավոր գործի հիմքերը»:

 --00—ՄՀ