Անընդունելի ենք համարում Խոսրով Հարությունյանի նկատմամբ կազմակերպված սադրանքը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

խոսրով հարությունյան

Ազատության հրապարակում երեկ՝ մայիսի 17–ին,  ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք, որին համարժեք արձագանքելու փոխարեն իրավապահները, բացահայտ ագրեսիվ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, բերման են ենթարկել նրան։ Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ նախկին վարչապետեր՝ Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը,  Արցախի Հանրապետության նախկին վարչապետ՝ Անուշավան Դանիելյանը։

«Իրավապահ համակարգի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման դրսեւորումներն ունեն մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք չփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել երկրի կապիտուլյանտ վարչակարգի դեմ։ Դատապարտում եւ անընդունելի ենք համարում տեղի ունեցածը եւ մեր զորակցությունը հայտնում ՀՀ նախկին վարչապետին։ Սա, փաստորեն, օրվա իշխանության կողմից պետական ինստիտուտների գիտակցված վարկաբեկման հերթական քայլն է՝ այդ ինստիտուտների համատարած կազմալուծման ֆոնին, ինչը վաղ թե ուշ համարժեք գնահատականի է արժանանալու։ Երեւույթը մտահոգիչ է նաեւ նրանով, որ իրավապահների նման վարքագիծն է՛լ ավելի է նպաստում քաղաքացի-ոստիկանություն արդեն իսկ գոյություն ունեցող անջրպետի խորացմանը եւ հասարակության մեջ ատելության մթնոլորտի տարածմանը»,– ասվում է հայտարարությունում։

--00--ԱՀ