Սպանության փորձ՝ 23-ամյա երևանցու նկատմամբ․ ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News 

Մայիսի 13-ին 1-ին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով: Ժամը 19.35-ին բուժհաստատությունից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն անցան հանցագործության բացահայտմանը։ Միջոցառումներին ներգրավվեցին ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Նախ հայտնաբերվեց դեպքի վայրը։ Նար-Դոսի 39/ա շենքի մոտ կատարված զննությամբ քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերեցին պարկուճ։ Նախնական տվյալներով՝ գործադրվել էր ատրճանակ։

Կենտրոնականի քրեական հետախույզները ճշտեցին, որ տուժած երիտասարդը, դեռևս չպարզված պատճառով, կոտրել էր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ապակին, ինչից հետո «Նիսանի» վարորդը մեքենայի սրահից կրակել էր նրա ուղղությամբ ու հեռացել։ Ճշտվեց կրակողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 34 տարեկան։

Նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, իրականացվեց նաև բացատրական աշխատանք։ Այդ միջոցառումների արդյունքը տեսանելի դարձավ մայիսի 16-ին՝ դեպքից 3 օր անց։ Կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին՝ բերելով նաև «Մակարով» ատրճանակ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն էր։

Սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00--ՄՀ