Ծառուկյանը՝ «Տրոյական ձի՞» 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հայաստանում քաղաքական պայքարի ամենակատաղի փուլը մեկնարկելու է ոչ միայն քարոզարշավի ժամանակ, այլ նաև բուն ընտրություններից հետո, երբ քաղաքական ուժերը բանակցելու են կառավարություն ստեղծելու շուրջ։ Մինչև այժմ հայտնի սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ չի կարողանալու հավաքել 50+1% ձայները, որոնք անհրաժեշտ են նոր կառավարություն կազմելու համար։ Միայնակ կառավարություն կազմելու հնարավորություն, ամենայն հավանականությամբ, չի ունենալու նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը կամ էլ ՀՀԿ-«Հայրենիք»-ի կողմից ստեղծված «Պատիվ ունեմ»-ը։ Թերևս այս երեք ուժերն են միայն, որ խնդիր չեն ունենալու հաղթահարել ընտրական շեմը՝ մնացյալների համար այն լինելու է շատ ավելի դժվար։

Եթե հաշվի առնենք քաղաքական տրամադրվածությունները, ապա մեծ է հավանականությունը, որ բացի ՔՊ-ից, «Հայաստան» դաշինքից ու «Պատիվ ունեմ»-ից խորհրդարանում հայտնվեն «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այստեղ արդեն, երբ բոլոր ուժերը չեն կարողանում հավաքել կառավարության կազմման համար անհրաժեշտ ձայները, սկսում է կուլիսային բանակցությունների փուլը՝ երկիրն առանց իշխանության չթողնելու համար։ Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը որևիցե պարագայում չեն միանա Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին։ Այս մասին արդեն բացահայտ մի քանի անգամ հայտարարել է նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ բացառելով հետընտրական իրավիճակում Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու որևիցե հնարավորություն։

Վարչապետի գործող պաշտոնակատարին աջակցող այն ուժերը, որոնք առանձին են գնալու ընտրությունների, նույնպես օրենսդիր մարմնում հայտնվելու համեմատաբար քիչ շանս ունեն՝ Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան կամ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան։

Ստացվում է, որ Նիկոլի համար խորհրդարանում դաշնակիցներ գտնելը շատ է դժվարանում, և միայն Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն է, որ կարող է իր հետ գնալ համաձայնության։ Այս խոսակցությունները հատկապես ակտիվանում են Ծառուկյանի բիզնեսների նկատմամբ նախկին ուշադրության բացակայության ֆոնին, որոնք, ըստ որոշ լուրերի, այդպիսին են դարձել Ծառուկյանի խնամի և Նիկոլ Փաշինյանի աջակից, գործարար Խաչատուր Սուքիասյանի ջանքերի շնորհիվ։ Ստացվում է, որ առաջիկա խորհրդարանում ընդդիմության համար «Տրոյական ձիու» կարգավիճակ կարող է ստանալ հենց Ծառուկյանը, ով աշխատում է ընդդիմության ձայների համար, սակայն դրանք կարող է ծառայեցնել Փաշինյանի հետ դաշինք նպատակով։

Սուրեն Կամսարական

--00--ԱԹ