Ակնհայտ է՝ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել. Բաղդասարյան

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Էդիկ Բաղդասարյան

Lրագրող, «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ակնհայտ է, որ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել: Իսկ առաջխաղացող թշնամուն, եթե չես կանգնեցնում, նշանակում է այդպիսի հրաման ունես: Արդեն երկրորդական է՝ Գլխավոր շտաբի պետին նման հրաման տվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Զորքի հրամանատարը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները: Նրան ԱԱԾ-ն դեռ երեք օր առաջ պետք է կալանավորեր, և արդեն իսկ պետք է ունենայինք շտաբի նոր պետ:

Բայց Նիկոլ Փաշինյանին հենց այսպիսի շտաբի պետ է պետք, որոշում չկայացնող շտաբի պետ, չդիմադրող: Արտակ Դավթյանին ժամանակին նույնիսկ իր ղեկավարած զորամասում սպաները չէին ենթարկվում: Նա երբեւէ ոչ մի որոշում չի կայացրել ռազմի դաշտում, 2018-ին նույնիսկ թաքցրել էր Նախիջևանի հատվածում թշնամու դիրքերի առաջխաղացման փաստը: Ու մեկ էլ Պատրոն Դավոյի հետ հին զենքերի գործարքներին իր համաձայնությունն է տվել:

Թշնամին տարբեր հատվածներում մտնում է մեր տարածք, դա շարունակվելու է նաև վաղը, մի շաբաթ հետո, մի ամիս հետո: Ում էլ դիմի իշխանությունը՝ զրո արդյունք է ունենալու, բոլորը զրո վերաբերմունք են ցույց տալիս այն ղեկավարին, որն իր երկրի սահմանները նույնիսկ չի փորձում պաշտպանել: Հայտարարություններ են լինելու բազում, դատապարտելու են Ալիևին, բայց դա առանձնապես բան չի փոխելու: Այո, պարտությունից հետո բանակը հուսալքված է, քիչ ժամանակ է անցել վերականգնվելու համար, բայց երկրի այսպիսի օրհասական վիճակում նա է միակ երաշխիքը: Դիվանագիտությունը որևէ արդյունք չի ունենալու այս փուլում, մինչև ցույց չտաս, որ քեզնից գործոն ես ներկայացնում, կաս որպես կողմ: Իսկ մենք այժմ ոչ մեկի համար գործոն չենք, նույնիսկ չգիտեմ ինչ ենք:

Կարծում եմ՝ այլ ելք չկա: Ադրբեջանցիները հետ չեն գնալու, նրանք, ինչպես տեսնում եք, նպաստավոր դիրքեր են ընտրում հետագա գործողությունների համար: Ադրբեջանի իշխանություններին տվե՛ք մի քանի ժամ՝ զորքերը դուրս բերելու համար, չկատարելու դեպքում սկսեք ռազմական գործողություն: Մենք Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարում, մենք մեր սահմանն ենք պաշտպանում:

Շահարկումները կանխելու համար ասեմ, որ երեք ընկերներիս հետ պատրաստ ենք մասնակցել այդ ռազմական գործողությանը», - գրել է Բաղդասարյանը։ 

--00--ԱԹ