ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառմանն՝ այն մասին, որ երեկ երեկոյան դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդու վարած մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
«Նշված տրանսպորտային միջոցը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված վիճակում վարելու համար կանգնեցվել և տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք»,- 24news-ին հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել էր.
«Երեկ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանները տուգանային հրապարակ են տեղափոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդու վարած ԲՄՎ ավտոմեքենան: Որևէ խախտում չի եղել, փաստաթղթերը նորմալ, վարորդը սթափ: Որևէ արձանագրություն չի կազմվել, ասել են, որ իրենց ղեկավարի բանավոր հրահանգն են կատարում, այսինքն՝ դատավորի մեքենան են տանում:
Դիմել եմ ՄԻՊ գրասենյակ»:
--00--ԱԹ