Մեր պաշտպանությունը կազմակերպում է մեկը, ով պատրաստ է զիջել ամեն բան՝ հանուն իշխանության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

քաղաքական

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկարում Թուրքիայի Զինված ուժերն են, Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմաններից 20 կմ խորքում գտնվող Աֆրին քաղաքի Ազատության հրապարակում։ 

Ներխուժման պաշտոնական հիմնավորումը «տարածաշրջանի ժողովուրդներին տեղի քրդական զինյալների ճնշումներից և բռնությունից փրկելն» էր։

2018թ. մարտից Աֆրին քաղաքը գրավված է Թուրքիայի կողմից։ Այնտեղ գործում է տեղական թուրքական իշխանություն, իսկ քաղաքի տեղաբնիկ քրդերի մեծագույն մասը գաղթել է։ 

Անցել է 3 տարի ու գրեթե ոչ մի պետություն չի վիճարկում Թուրքիայի իրավունքները Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքում։

Իսկ այն կշտամբանքներին, թե Թուրքիան ծավալապաշտական քաղաքականություն է վարում, այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բառացիորեն պատասխանում է. «Մեզ ասում են ծավալապաշտ։ Թո՛ղ նայեն 1821-2020թթ. քարտեզին»՝ փաստացի ակնարկելով, որ Թուրքիան ընդամենը վերականգնում է այն, ինչ կորցրել Օսմանյան կայսրությունը 1821-ից սկսած։

Երեք օր է՝ Ադրբեջանը, Թուրքիայի համաձայնությամբ և համակարգմամբ, մտել է արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, իսկ մեր պաշտպանությունը կազմակերպում է տգետ ու կապիտուլյանտը, ով պատրաստ է զիջել Թուրքիային և Ադրբեջանին ամեն բան՝ սեփական իշխանությունը պահելու համար։

Երբեմն չգիտեմ, թե էլ ինչպես զգուշացնեմ սպասվող արհավիրքի մասին»։

--0--ԿԿ