Քաղաքացիները կամավոր հանձնել են ապօրինի ինքնաձիգներ և այլ հրազեններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը ոստիկանության Ջերմուկի բաժնում  հանձնել է Ջերմուկի 37-ամյա մի բնակիչ: Ըստ նրա՝ հրազենը բերել էր անցած տարի Արցախից ու պահել նկուղում։ Ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Կարմիրգյուղի մի բնակիչ բաժին էր բերել հանգուցյալ հոր ինքնաձիգն ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ։

«Կարաբին» տեսակի հրազենը, «Ֆ-1» տիպի նռնակները, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի փամփուշտներն էլ ոստիկանության Մարտունու բաժնում հանձնել է Զոլաքար գյուղի մի բնակիչ: Արդյունավետ էր նաև ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Թաթուլ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի և հրազենների 27 փամփուշտ։ Սպիտակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սպիտակ քաղաքի մի բնակիչ հանձնել է հրացան ու հայտնել, որ այն պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։ Ըստ նրա՝ հրացանը գտել էր տանիքում մաքրման աշխատանք կատարելիս։ Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 74 փամփուշտ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կամավոր հանձել է Երևանում բնակվող մի կին։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--0--ԿԿ