Իշխանասարի հետ կապված բանակցությունները Խնձորեսկում են լինելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

քաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը Իշխանասարի հատվածում տեղի ունեցած միջադեպի շուրջ բանակցություններ կվարեն Խնձորեսկում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում ու սոցկայքերում մայիսի 12-ին լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցիները հրաժարվել են Սև լճի տարածքում բանակցել, չեն եկել հանդիպման և տեղն ու ժամը փոխել են, բանակցության նոր վայր են նշանակել Խնձորեսկ համայնքի տարածքում։

Երվանդ Մալունցից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Խնձորեսկում արդեն բանակցությունները մեկնարկել են, սակայն նա պատասխանեց, թե տեղյակ չէ։

Մեր ճշտող հարցին՝ ովքե՞ր են մասնակցում բանակցություններին, համայնքապետը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։

--0--ԿԿ