Հայկական կողմը ադրբեջանցիներին վերջնաժամկետ չի տվել․ բանակցությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

քաղաքական

Ի սկզբանե որոշված է եղել, որ հայ-ադրբեջանական կողմերը բանակցելու են Խնձորեսկում, քանի որ այնտեղ հասնելն ավելի հեշտ է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, թե ադրբեջանցիները հրաժարվել են Սև լճի տարածքում բանակցել, չեն եկել հանդիպման և տեղն ու ժամը փոխել են, բանակցության նոր վայր են նշանակել Խնձորեսկ համայնքի տարածքում։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում ու սոցկայքերում մայիսի 12-ին լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

Մենուա Հովսեփյանը նշեց, որ ապատեղեկատվություն են այն լուրերը, թե հայկական կողմը Ադրբեջանին ժամանակ է տվել տարածքից հեռանալու համար ու նշեց, որ այս պահին բանակցություններն ընթացքի մեջ են։

Հարցին, թե հայկական կողմից ովքեր են մասնակցում բանակցություններին, արդյո՞ք իշխանության ներկայացուցիչներն այնտեղ են, նա պատասխանեց․ «Զինվորականներն են բանակցում։ Անուններ հնչեցնելը չեմ կարծում, որ ճիշտ է»։

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար գեներալ Մուրադովը նույնպես դեպքի վայրում է, նա նշեց, որ նման տեղեկություն չունի։

--0--ԿԿ