Ներարգանդային սերմնավորում հնարավոր կլինի իրականացնել նաև մարզային ԲԿ- ներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

հասարակական

Կառավարությունը հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագծին:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում:

Մասնավորապես, պտղաբերության ցածր (1.6) մակարդակը չի ապահովում անգամ պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2,1 գործակից: Արդյունքում շարունակաբար նվազել է ծնելիության գործակիցը (1990 թ.՝ 22.5‰, 2000 թ.՝ 10.6‰, 2010 թ.՝ 14.7‰, 2019 թ.՝ 12.2‰)՝ կրճատվելով 1.8 անգամ:

Որպես հետևանք, կենդանածինների թիվը  1990 թ. համեմատ կրճատվել է 2.2 անգամ (2020 թ.` 36 448  կենդանի ծնունդ՝ 1990 թ. 79 882-ի դիմաց), իսկ բնական աճի ցուցանիշը` 4,9 անգամ (2019 թ. այն կազմել է՝ 3.4‰՝ 1990թ. 16.3‰-ի դիմաց): 2020թ.` կապված Արցախյան երկրորդ պատերազմի և կորոնավիրուսային համավարակի հետ, բնական աճի ցուցանիշը նվազել է մինչև կրիտիկական ցուցանիշ, կազմելով ընդամենը 0,4:

Եթե դրան ավելացնենք երկրում արձանագրված անպտղության գրեթե ճգնաժամային մակարդակը  (14,9), ապա հասկանալի է դառնում անհապաղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ իրենք ստացել են բազմաթիվ խնդրանքներ, որ մարդիկ, որոնք ուզում են երեխա ունենալ, անհարկի իրավունքի սահմանափակումների պատճառով զրկված են երեխա ունենալու բերկրանքից:

«Այս փոփոխությունների արդյունքում մենք տարանջատել ենք օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերը: Այսուհետև նաև մարզային ԲԿ-ները որոշակի ծառայություններ մատուցելու հնարավորություն կունենան: Նախկինում դա ամբողջական համալիր ծառայություն էր դիտարկվում և լիցենզավորման, սարք-սարքավորումների, մասնագետների բավական բարձր  պահանջներ էին դրված: Այնինչ այդ ծառայությունների խմբում կան որոշակի ուղղություններ, որոնց դեպքում այդ բարդ պահանջնեևրի կարիքը չկա:

Բացի դրանից, մենք սահմանել ենք բոլոր շահառուների, դոնորների, փոխնակ մայրերի եւ ծառայությունների պարտադիր էլեկտրոնային միասնական համակարգի ձեւավորման պահանջ: Սա թույլ կտա հսկել, որ մեկ դոնորը հնարավորություն չունենա սահմանված քանակից ավել դոնորություն անել տարբեր ԲԿ-ներում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք ներդրել են նաև սաղմի դոնորության հնարավորությունը: «Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մի քանի սաղմեր ստանալ, եւ մարդիկ առաջին 1-2 անգամը հաջող ստանալուց հետո երեխաներ ունենում են, բայց ունենում ենք սաղմիկների ռեգիստր, որն անընդունելի է թափոնացնելը, եթե անպտուղ զույգեր կան, որոնք ուզում են դա ընդունել այդ նվիրատվությունը եւ երեխա ունենալ:

Հանել ենք արգելափակումները կանանց համար, որոնք ցանկություն ունեն երեխա ունենալու, որպեսզի նրանք  եւս կարողանան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անգամ կորոնավիրուսի պայմաններում, երբ շատ բժշկական ծառայություններ հետաձգված էին, արդեն 80 բալիկ է ծնվել այս ծրագրի շնորհիվ:

--0--ԿԿ