2020-ին վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020 թ․-ի ընթացքում 363 միլիոն 178 հազար 700 դրամի պարգևավճար է վճարվել։ Ընդ որում՝ որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել։ Նման բացահայտւմ է արել ՀՀ Հաշվեքննիչ պալատը` վարչապետի աշխատակազմի 2020-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի պետբյուջեի կատարման հաշվեքննության արդյունքում, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։

Ըստ աղբյուրի՝ ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 միլիոն 441 հազար 900 դրամ։ Վարչապետի աշխատակազմին 2020-ին «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է 2 միլիարդ 566 միլիոն 055 հազար 800 դրամ, որի շուրջ կեսը՝ 1 միլիարդ 234 միլիոն 181 հազար 400 դրամը` որպես աշխատավարձ, 363 հազար 178 հազար 700–ը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ և այլն։

Հետաքրքրական է, որ ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 միլիոն 441 հազար 900 դրամ։ Աղբյուրը նաև համեմատության համար նշում է, որ սեպտեմբերին 504 աշխատողների վճարվել է 56 735 900 դրամ։

Հենց դեկտեմբերյան պարգևավճարների այս չափն էլ, ամենայն հավանականությամբ, գրավել է նաև հաշվեքննողների ուշադրությունը։ Իսկ արդեն մանրակրկիտ հաշվարկը պարզել է, որ վարչապետը որոշել է որոշ աշխատակիցների պարգևատրել իրենց աշխատավարձը գերազանցող գումարներով։

«Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից հատկացված պարգևատրման ժամանակ ՀՀ վարչապետի` 2020 թվականի դեկտեմբերի 25–ի թիվ 1428-Ա որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար խրախուսված որոշ աշխատակիցների պարգևատրման գումարը գերազանցել է մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը»,– ասված է հաշվեքննության մեջ:

Հաշվեքննության հեղինակները միաժամանակ արձանագրում են, որ վարչապետի այս որոշումը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին։

Պարգևավճարների չափերից բացի, հաշվեքննության արդյունքում նաև պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանով հաստատված 700 հաստիքից 143-170–ը 2020–ի ընթացքում համալրված չեն եղել։

Արդյունքում 700 աշխատակցի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից վճարումներն իրականացվել են 530-557 աշխատակցի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ