Լիտվան անհանգստություն է հայտնել ռազմագերիների վերադարձի գործընթացի ընթացքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

․

Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի եւ լիտվացի խորհրդարանականների հետ:

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ Լիտվայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում հայկական պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրներն ունեն երկխոսության մեծ շրջանակ, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում եւ երախտագիտություն հայտնել լիտվական կողմին Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց: Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որեւէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

Սեյմասի նախագահը նշեց, որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի ընթացքի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ի թիվս որոնց Արարատ Միրզոյանը տեղեկացրել է գործընկերներին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ հրավիրել այդ օրերին Հայաստանում իրականացնել դիտորդական առաքելություն:

--00--ԱՀ