Ընտրապայքարը մեկնարկում է. քաղաքական ուժերը վերջին հստակեցումներն են անում

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

Ընտրություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ին հրամանագիր ստորագրեց Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ըստ այդմ՝ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Ազգային ժողովն օրենքի ուժով լուծարվում է:

24news-ն առանձնացրել է, թե ո՞ր ուժերն են հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին: 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ` առանց դաշինքի: Կուսակցությունն ընտրության կգնա «Ապագա կա» կարգախոսով: ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարը և գլխավոր համակարգողը կլինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀՀԿ-ն «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով կմասնակցի արտահերթ ընտրություններին: Դաշինքը կկոչվի «Պատիվ ունեմ», ցուցակը կգլխավորի ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, 2-րդ համարը կլինի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը

«Բարգավաճ Հայաստան»-ն ընտրություններին գնալու է միայնակ: Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության կարգախոսի և ցուցակի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Մայիսի 9-ին ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը և սկիզբ դրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցությանը։ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Դաշինքի ֆեյսբուքյան էջում հրապարակումներին կից նշվում է «#ԴեպիՈւժեղՀայաստան» հեշթեգը, սակայն հայտնի չէ` արդյո՞ք հենց դա է լինելու նախընտրական կարգախոսը:

«Լուսավոր Հայաստանը» դեռևս չի որոշել, թե հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինչ ընտրացուցակով է մասնակցելու: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Կուսակցության կարգախոսն ու նախընտրական ցուցակի մասին մանրամասները պարզ կլինեն մայիսի 15-ին, երբ տեղի կունենա կուսակցության համագումարը:

--00--ԱԹ