Ի՞նչ է նշանակում «ազգային»․ եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ազգայի՞ն չենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նկար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում «Ազգային ուժ փնտրողներին» խորագրով գրառում է արել․

«97 % հայերով բնակեցված տարածքում արդյոք տարօրինա՞կ չէ առանձին վերցրած ազգային ուժ փնտրելը, հռչակվելը կամ թախտին նստած դրան սպասելը։

Ի՞նչ է նշանակում «ազգային». եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ուրեմն ազգայի՞ն չենք։

Երբ ասում ենք՝ եկեք կոռուպցիայի դեմն առնենք կամ հետաքննենք պատերազմի ձախողումները, դա ազգայի՞ն չէ։

Մենք վաղուց ազգայինը վերածել ենք պետության և այսօր ազգայինը պետականն է։

Ազգայինը Հանրապետությունն է։ Ազգային է ցանկացած քայլ, որը միտված է Հանրապետությունն ամրապնդելուն և հայկական պետականությունը կայացնելուն։

Եթե դուք զուտ ազգայինը (էթնիկականը) պետությունից բարձր եք դասում, ապա վերջում կորցնում եք պետականությունը և շարունակում զբաղվել ազգապահպան ու հայապահպան միջոցառումներով, բայց արդեն այլ պետությունների տարածքում։

«Ազգային» բառի անվերջ շահարկումը դեռ չի նշանակում լինել ազգային, բայց Հայաստանի շահերի պաշտպանությունը արդեն իսկ ինքնին ազգային է և դա պարզ ու նույնիսկ պարզունակ ճշմարտություն է։ Մեծ հաշվով` ազգային հորջորջվողները փորձում են մանիպուլացնել, իբրև թե իրենք ազգային են, իսկ մյուսները՝ ապազգային։ Սա իհարկե ընդամենը դեմագոգիա է ու պոպուլիզմի մի դրսևորում։

Բոլոր այն գաղափարախոսություններն ու ուժերը, որոնք գործում են Հայաստանում և հանուն Հայաստանի, արդեն իսկ ազգային են, և դա չի կարող լինել միայն մեկի մենաշնորհը։

Վերջապես պետք է հասկանանք, որ մենք այլևս օսմանյան հպատակներ չենք և քաղաքացիներն ենք անկախ պետության։ Պետք է հստակ ամրագրենք, որ եկել է հասունանալու և պետություն ունեցող ու պետություն կառուցող ազգ դառնալու ժամանակը, քանի որ դա է հայկական պետականության շարունակական գոյության գրավականը»։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս