ԱԺ հատուկ նիստ՝ 12։00-ին․ խորհրդարանում կրկին վարչապետի «չընտրության» հարցն է քննարկվելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նկար

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ այսօր՝ մայիսի 10-ին, իրավունքի ուժով գումարվող ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրությունն է լինելու։ Հարցը խորհրդարանը քննարկում է երկրորդ անգամ: 

Ըստ քաղաքական պայմանավորվածության՝ այսօր ևս վարչապետ չի ընտրվելու, որից հետո Ազգային ժողովը ինքնալուծարվելու է, և նշանակվելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ըստ ՀՀ Սահմանադրության՝ եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին քվեարկության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ էր 1 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 75։ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, ապա նաև հայտարարել, որ իրենք քվեարկելու են «ձեռնպահ»:

Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցել, իսկ «Լուսավոր Հայաստանը» մասնակցել, բայց չէր քվեարկել։

Նշենք նաև, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։

--00—ԼՄ