Եթե 30 տարի բանակը թալանել էին, ինչո՞ւ պատերազմը 25 տարի առաջ չսկսվեց. Արթուր Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

հասարակական

Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին, այսօր առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու, որ չկարողացանք պահպանել այն հաղթանակը, որն իրենք էին կերտել, որ թույլ տվեցինք ներքին ու արտաքին թշնամուն ստվերել այս տոնը, և նաև խոստանալ, որ կվերականգնենք այն փառքն ու պատիվը, որ իրենք էին կերտել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ իր մոտ տպավորություն է, որ եթե ներկա իշխանությունների սուրճը թափվի, մեղավոր են համարելու նախկիններին. «30 տարի եթե բանակը թալանել էին, ինչո՞ւ պատերազմը 25 տարի առաջ չսկսվեց եւ մենք հաղթական զինադադար կնքեցինք: Թշնամին հարձակվում է այն ժամանակ, երբ դու ամենաթույլն ես։ Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք, երբ բանակը գիտակցաբար քայքայվեց, հասարակության համերաշխությունը գիտակցաբար քայքայվեց: Եթե դու հզորանաս, թշնամին չի հարձակվի»,-նշեց նա։