Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք սրբացված են նախնիների փառքով, կշարունակեն զարգանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից մեկը:

Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց ապագա սերունդների համար՝ արդար և անվտանգ աշխարհ կառուցելու գործում: Մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել վետերաններին:

Վստահ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք սրբացված են մեր նախնիների հաղթական փառքով, կշարունակեն  հաջող զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
խնդրում եմ Ռուսաստանի Դաշնությունում  բնակվող՝ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել խորին երախտագիտության խոսքեր, մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և արևշատություն»։