Բաքուն մանիպուլացնում է գերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News 

Լավրով

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և Հայաստանի կառավարությունում ձեզ ողջունելու հնարավորության համար:

Մեր երկրների միջև փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և կառուցվում են ռազմավարական գործընկերության սկզբունքի և մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսներին մեր հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ հերթական անգամ անցնելով ամրության փորձությունը:

Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնության ձեռք մեկնեց և օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի և Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության էական նվազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է հանդիսանում:

Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման հարցում, ինչպես նաև նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Այս առումով կցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ ևս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Պատրաստ ենք նաև առավելագույն ջանքեր գործադրել՝ կողմերի միջև, եռակողմ ձևաչափով, կառուցողական երկխոսություն ապահովելու համար:

Սակայն պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին: Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում և հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը և պայմանավորվածությունների տապալմանը:

Այս համատեքստում կցանկանայի գոհունակությամբ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները, որի վերջին հայտարարությունը, ըստ էության, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը:

Համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Հարգելի Սերգեյ Վիկտորի,

ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կառուցողական և արդյունավետ բանակցություններ կունենանք»:

 --00—ՄՀ