Ադրբեջանցիների կողմից հայկական մեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություն չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նկար

Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Մանրամասնելով, որ ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ տրանսպորտային միջոցի դիմապակին վնասվել էր քարաթափման հետևանքով, ուստի հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հանցադեպի բացակայություն) նախատեսված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Ստուգմամբ պարզվել է, որ դեպքը տեղի էր ունեցել 2021 թ. մարտի լույս 29-ի գիշերը, երբ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ Հ. Հ.-ն իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Շուշի-Գորիս ճանապարհի 8,5-րդ կիլոմետրը: Դեպքի վայր հանդիսացող տեղանքի զննությամբ պարզվել է, որ դրա աջակողմյան հատվածում առկա է 5-6 մետր բարձրությամբ թեքվածք, որի գագաթային մասից ձգվում է մոտ 100 մետր երկարությամբ ժայռանման տեղանք` քարաթափման պարբերական դեպքերի հետքերով, որը ուղիղ թափվում է ճանապարհի երթևեկելի մասը:

Տրանսպորտային միջոցի վարորդը գրավոր բացատրությամբ պարզաբանել էր, որ դեպքի պահին ճանապարհի երթևեկելի մասում այլ մեքենա չի եղել, մարդ չի նկատել և քանի որ մեքենայի դիմապակին վնասվել էր հենց աջ հատվածում, ինքը ևս ենթադրել է, որ դա քարաթափման հետևանք էր: Երբ Բերձոր քաղաքի մոտակայքում կանգնեցրել էր մեքենան և ստուգել դիմապակու վնասվածքի աստիճանը, հայտնաբերել է ավազի հատիկներ ու հողի մնացորդներ:

--00—ԼՄ