ՊՆ-ն լուծել է պատերազմի ժամանակ երեք հերթափոխով հագուստ մատակարարողների հետ պայմանագրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

հասարակական

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Հասմիկ Ենգոյանը պնդում է, որ 44-օրյա արցախյան պատերազմից հետո պաշտպանության նախարարությունը լուծել է ՊՆ-ին տեքստիլ արտադրանք մատակարարող ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։

«Տեքստիլ արտադրությամբ զբաղվող Հայաստանի ամենախոշոր ընկերությունները ՊՆ-ի հետ պայմանագիր էին կնքել տարբեր տեքստիլ արտադրանքներ մատակարարելու վերաբերյալ։ Հոկտեմբերի սկզբին ՊՆ-ն տեքստիլ ընկերություններին բանավոր կերպով ասել էր՝ կնքած պայմանագրերով նախատեսված ապրանքների մի մասը չմատակարարեն, որովհետև այս պահին այդ ապրանքներն անհրաժեշտ չեն (սպիտակեղեն, սրբիչ․․․), բայց փոխարենը երկու տեսակի զինվորական համազգեստ մատակարարեն»,-այս մասին 24News-ին պատմեց  Ենգոյանը։

Նրա խոսքով, ՊՆ-ի այս առաջարկից հետո տեքստիլ ընկերություների ղեկավարներն ասել են, որ նման հանձնարարություն ՊՆ-ն ներկայացնի գրավոր ձևով, որից հետո նախարարությունը գրավոր հանձնարարություններ է տվել։

«ՊՆ-ն նշել է, որ մատակարարումները պետք է իրականացվեն ամենօրյա ռեժիմով, ինչն իրենից կողմնակի ծախսեր է ներկայացրել ու տնտեսապես ձեռնտու չի եղել ընկերությունների համար, սակայն բոլորը կատարել են ՊՆ-ի հանձնարարությունը՝ հանուն բանակի։ Որպեսզի այդ աշխատանքը հասցնեն բոլոր ընկերությունները 3 հերթափոխով են աշխատել, գիշեր-ցերեկ չի եղել»,-ասաց  փաստաբանը՝ շեշտելով, որ այս մատակարարումները շարունակվել են մինչև դեկտեմբեր, որից հետո հունվար-փետրվար ամիսներին ՊՆ-ն որոշել է հրատապ պատվեր իջեցրած ընկերությունների հետ պայմանագրերը լուծարել։

«Լուծարումը եղել է այն ապրանքների մասով, որոնց հետ կապված ՊՆ-ն այս ընկերություններին դիմել էր, որ դրանք չկարեն, փոխարենը զինվորական համազգեստ կարեն։ ՊՆ-ն հաշվի չի առել, որ ընկերություններն իր գրավոր համաձայնության հիման վրա մասսայաբար սկսել են համազգեստ կարել»,-նշեց  մեր զրուցակիցը։ 

Ենգոյանն ընգծեց, որ ՊՆ-ն չմատակարարված ապրանքի մասով լուծարել է պայմանագրերը, որից հետո գրություն է ուղարկել, որ տուգանքներ պետք է գանձեն, ապա պայմանագրերն ուղարկել է սև ցուցակ, որպեսզի 2 ամսով զրկվեն գնումներին մասնակցելու իրավունքից։

Փաստաբանի գնահատամամբ, ՊՆ-ն այս քայլով բացարձակ հաշվի չի առել, որ ընկերություններն իրենց ողջ ուժն ու եռանդը ներդրել են համազգեստ կարելու համար։

«Բողոք քննող երկու անձ կա այս պահին և իրենց որոշման հիման վրա այս ընկերությունները սև ցուցակում չեն հայտնվել։ Եթե ՊՆ-ն դատական կարգով այս ընկերություններից գումարների վճարում պահանջի, ապա ընկերություններն արդեն հակընդդեմ հայցով դատարան կդիմեն»,-ամփոփելով խոսքը՝ նշեց փաստաբանը։ 

24News-ը փորձեց կապ հաստատել նաև Պաշտպանության նախարարության հետ տեղի ունեցածի հետ կապված ՊՆ-ի մեկնաբանությունը ստանալու համար, սակայն մեզ հորդորեցին հարցերը ներկայացնել գրավոր տեսքով։

Հեղինակ՝ Սոնա Գևորգյան

--0--ԿԿ