Իրանցի տնտեսվարողների համար Հայաստանի գործարար միջավայրը բարենպաստ է. դեսպան

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Իրան-Հայաստան

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «ISNA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ՀՀ-Իրան տնտեսական համագործակցությանը: 

- Որքա՞ն առաջընթաց է ունեցել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը, հատկապես՝ ԵԱՏՄ հետ հարաբերությունների համատեքստում:

Այս հարցի կապակցությամբ կարծում եմ՝ նպատակահարմար կլինի առանձին հարցազրույց ունենալ և ներկայացնել ինչպես կատարված աշխատանքը, այնպես էլ առաջիկա անելիքները: Ընդունված է ասել, որ Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները զարգացման մեծ հնարավորություններ ունեն, և դա իրոք այդպես է: Անցած տարիների ընթացքում երկու երկրների տարեկան առևտրային շրջանառությունը կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Ընդ որում, դրա մեծ մասը կազմել է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, իսկ հակառակ հոսքը եղել է չափազանց փոքր չափերի: Պատճառները հայտնի են: Դրանք կապված են ինչպես երկու կողմերի տնտեսական կարողությունների, այնպես էլ գործող առևտրային ռեժիմների և մի շարք սահմանափակումների հետ (բարձր մաքսատուրքեր, ներմուծման և արտահանման արգելքներ և այլն):

Թեև շատ մեծ գործ է կատարված երկու երկրների տնտեսավարողների փոխադարձ իրազեկվածության ուղղությամբ (բազմաթիվ հանդիպումներ, ցուցահանդեսներ, գործարար համաժողովներ, օրենսդրության, գործարար միջավայրի և տնտեսական բնույթի այլ տեղեկությունների սիստեմատիկ փոխանակումներ և այլն), սակայն անելիքներ դեռևս շատ կան:

Անշուշտ, առկա բարենպաստ գործոնների թվին պետք է դասել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը, ԵՄ և մի շարք երկրների հետ առևտրային որոշակի արտոնությունները, ինչպես նաև Իրանի՝ ԵԱՏՄ հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ընդունումը (2019 թ.), անշուշտ նաև Իրանի զգալի տնտեսական ներուժը:

Ի դեպ, իրանական ապրանքների արտահանման տեսանկյունից տարածաշրջանային երկրների շարքում (Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան և այլն) ընդամենը շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը գտնվում է առաջին տեղում (Հայաստանի բնակչության մեկ շնչին հասնող իրանական ապրանքների ներմուծման ծավալով): Դա նշանակում է, որ իրանցի տնտեսավարողների համար Հայաստանի գործարար միջավայրը բարենպաստ է:

Կասկածից վեր է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկարներ ունեն, և այս իմաստով էական ազդեցություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության (երկաթգիծ, ավտոճանապարհ) ոլորտում սպասվող զարգացումները:

Այսպիսով, կարելի է հույս հայտնել, որ առաջիկա տարիները մեր երկու երկրների համար կլինեն հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման ժամանակաշրջան՝ ի շահ մեր ժողովուրդների և ողջ տարածաշրջանի:

--00--ԱԹ