Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ կա 4 վիրավոր, մեկի ոտքը կտրվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

նկար

Մաիսի 3-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմանում Դավիթ Բեկի փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության աշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյ» տանող ճանապարհահատվածում, բախվել են «BMW» մակնիշի երկու ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ նախքան բախումը, «BMW»-ներից մեկը ավտոմեքենայի և «Toyota Corolla»-ի միջև է բախում տեղի ունեցել, և վարորդները կանգնել են և զանգահարել ԱՊՊԱ, այդ ժամանակ «BMW»-ն վրաերթի է ենթարկել, ըստ նախնական տեղեկության, հիվանդանոց տեղափոխվողներից երկուսին։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջավաղյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ա. Թևոսյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում, և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, քանի որ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է։

Ըստ աղբյուրի՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածներից մեկի ոտքը կտրվել է։

--00—ԼՄ