Դատական իշխանությունների՝ քաղաքական գործընթացներում ներգրավման ցանկացած փորձ անընդունելի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

․

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակության համար հիմնական խնդիրներից մեկը՝ անաչառ դատարանների, արդար, վստահելի դատարանների, առնվազն հանրային ընկալման մակարդակով խնդիրն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29–ին,  ԲԴԽ անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Նաեւ խոստովանենք ինքներս մեզ, որ վերջին տարիների ընթացքում շատ բան չի փոխվել այս առումով։ Օրենսդիր իշխանությունը բավականին լուրջ աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, այդ թվում՝ ԲԴԽ–ին օժտելով  հավելյալ գործիքակազմով։ Մենք պատրաստ ենք այս աշխատանքները շարունակել, օրենսդրական մակարդակում  բոլոր անհրաժեշտ փոփոխություններն անել։ Բայց, կարծում եմ, որ ԲԴԽ–ին իր կողմից եւ առհասարակ, դատական իշխանությունն իր կողմից մեծ անելիք ունեն եւ մեծ հաշվով նոր հեծանիվ հնարելու անհրաժեշտություն չկա։ Խոսքը առկա լիազորությունների հավուր պատշաճի իրականացնելու մասին է»,– ասել է Արարատ Միրզոյանը։

Ըստ Միրզոյանի՝ դատական իշխանությունների կողմից քաղաքական գործընթացներում ներգրավման եւ քաղաքականությամբ զբաղվելու ցանկացած փորձ անընդունելի է։ Դա նաեւ կոպտորեն հակասում է դատավորի երդմանը եւ դատական օրենսդրությանը։

«Հասարակությունը չի կարող անվերջ սպասել դատական համակարգի առողջացման, հստակ փոփոխությունների բացակայության դեպքում, կարծում եմ, նրանց արձագանքը կարող է արդեն բավականին կոշտ լինել։

Այսօր հանդիպեցի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի մյուս անդամների հետ»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Միրզոյանը։

--00--ԱՀ