Փաշինյանը ոչ միայն պատերազմն է ձախողել, այլև հետպատերազմյան ողջ շրջանը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

․

«Փաստ» օրաթերթը գրում է․«Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության հետևանքները ներքաղաքական նոր իրողություն են ստեղծել, որի հիմքում ընկած է այն, որ գործող իշխանությունները չեն կարողացել իրականացնել իրենց վրա դրված առաքելությունը։ Իսկ ավելի ճշգրիտ ասած՝ պարտություն է կրել հենց իշխանությունը:

Եվ պատահական չէ, որ պարտությունից օրեր անց՝ նոյեմբերի 18ին, հաշվի առնելով հասարակական տրամադրությունների ալեկոծումը և քաղաքացիների ցասումը, իրավիճակը «հանգուցալուծելու» նպատակով Նիկոլ Փաշինյանը հանրության դատին ներկայացրեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզը։

Դրանով, ըստ էության, Փաշինյանը հանրությունից 6 ամիս ժամանակ էր խնդրում մի շարք անելիքներ ավարտին հասցնելու համար և խոստանում, որ ճանապարհային քարտեզի իրագործման ավարտին հանդես կգա հաշվետվությամբ, ինչի արդյունքներով, հանրային կարծիքը ու ներքաղաքական արձագանքը հաշվի առնելով, որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ:

Բայց արդեն 5 ամիս է անցել, և իշխանությունների ճանապարհային քարտեզը գործնականում մնացել է թղթի վրա, իսկ դրանում արտացոլված անելիքները՝ անիրագործելի։ Փաշինյանը խոստանում էր, որ հասնելու է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնմանը, սակայն այսօր գործնականում բանակցային գործընթաց գոյություն չունի, և Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, թե Արցախի հարցը իրենց համար փակված է։

Փաշինյանը խոստանում էր գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, սակայն Ադրբեջանը շարունակում է անդրդվելիորեն հրաժարվել գերիներին վերադարձնելուց։ Ճանապարհային քարտեզում նշված էր զինված ուժերի բարեփոխումների մեկնարկի մասին, սակայն առ այսօր այս ուղղությամբ որևէ էական քայլ չի արվել։

Ինչպես իր ելույթներում, այնպես էլ ճանապարհային քարտեզում Փաշինյանը կարևորում էր տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման խնդիրը, բայց ինչքան էլ իշխանությունները փորձեն ՀԴՄ-ների թվերի միջոցով հանրությանը համոզել, թե տնտեսությունը վերականգնվում է, միևնույնն է՝ դրանից ոչինչ չի փոխվում, իսկ տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021թ. հունվարմարտ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2 %-ով։

Տնտեսական ակտիվության անկմանը գումարվում են նաև քաղաքական անկայունությունը, տնտեսության նկատմամբ վստահության կորուստը, պետական պարտքի ավելացումն ու դրամի արժեզրկումը։ Պատահական չէ, որ բիզնեսը նորանոր դժվարություններ է կրում, ավելանում է գործազրկությունը, իսկ կապիտալի արտահոսքը՝ մեծանում։ Նման սոցիալ-տնտեսական պայմաններում հնարավոր չէ ակնկալել ժողովրդագրական իրավիճակի բարելավում։

Քանի որ մարդիկ այլևս չեն ցանկանում իրենց ապագան կապել մի երկրի հետ, որն այդպես էլ չի կարողանում հաղթահարել դեպրեսիան, և նախընտրում են հեռանալ։ Անգամ պատերազմից ամիսներ անց հասարակությունն ի վիճակի չի եղել դուրս գալ պարտության հոգեբանական շոկից, իսկ իշխանությունները լիովին անընդունակ են ձևավորել հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգ։ Եվ ընդհակառակը, քանի որ Փաշինյանի ճանապարհային քարտեզում նշված անելիքների հակառակ իրողություններն են տեղի ունեցել, այս ընթացքում հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի ընկճախտը ավելի սուր և խրոնիկ բնույթ է ստացել։

Այսինքն, ստացվում է այնպես, որ Փաշինյանը ոչ միայն պատերազմն է ձախողել, այլև հետպատերազմյան ողջ շրջանը, ինչը շատ թանկ է նստում հայկական պետականության վրա, որովհետև այդ ժամանակը կարող էինք օգտագործել մեր ներուժը քիչ թե շատ վերականգնելու և հանրությանը հոգեբանական ընկճախտից դուրս բերելու համար։ Հանուն արդարության ասենք, որ նա ձախողել է նաև նախապատերազմյան ամբող այն շրջանը, երբ իր ուժը եղել է իշխանության:

Հիմա, որքան անցնում է ժամանակը, այնքան ավելի ենք սուզվում ճգնաժամի հորձանուտում, ինչից բնականաբար օգտվում է թշնամին, խախտում հրադադարը և Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող հայտարարություններ անում, թե ուժով կստիպենք, որ Հայաստանը համաձայնի Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը և այլն։ Հունիսին, երբ սպասվում են արտահերթ ընտրությունները, լրանում է ճանապարհային քարտեզի 6 ամիսը, ի՞նչ հաշվետվություն պետք է հանրությանը ներկայացնի պարտված ղեկավարը, քանի որ նա իր երկրորդ շանսը ևս ձախողել է և չի արդարացրել մարդկանց հույսերը։ Իսկ ակնկալել, թե առաջիկա մեկ ամսվա՝ մայիսի ընթացքում հրաշքներ են լինելու, ուղղակի անհնար է։ Այնպիսի ծանր իրադրություն է, որ եթե այսօրվա իրավիճակից ավելի բարդ դրության մեջ չհայտնվենք, կհամարենք ձեռքբերում։ Իրականում Փաշինյանի «կախարդական փայտիկը», որի մասին նա հայտարարում էր, թե այն կշարունակի իր հրաշագործությունները, վերածվել է մեկը մյուսին հերթ չտվող «ձախողումների չոփի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ