Տիգրան Ավինյանը պատվաստվել է «AstraZeneca» պատվաստանյութով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

․

Ապրիլի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» պատվաստվել է կորոնավիրուսի համավարակի դեմ՝ «AstraZeneca» պատվաստանյութով: 

Պատվաստումից հետո լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանը հորդորել է հանրությանը չտրվել տեղեկատվական մանիպուլյացիաներին ու կեղծ լուրերին և պատվաստմանը վերաբերվել որպես անհրաժեշտ միջոցառում՝ կանխելու համավարակը: Նա նշել է, որ «AstraZeneca»-ով պատվաստվելը պայմանավորված է նրանով, որ այդ պատվաստանյութի շուրջ է տարածվում ամենից շատ ապատեղեկատվությունը: Փոխվարչապետի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստվելու համար բոլոր հնարավորությունները ներկայումս ստեղծված են: Այդ համատեքստում՝ Տիգրան Ավինյանը կարևորել է հանրային վերաբերմունքի փոփոխությունը պատվաստանյութերի հանդեպ՝ շեշտելով, որ վերջիններս էական ազդեցություն ունեն համավարակի կանխարգելման գործում:

Փոխվարչապետի պաշտոնակատարի պատվաստումը տեղի է ունեցել «Հանրային դեմքերի իրազեկման շաբաթվա» ծրագրի շրջանակներում, որով քաղաքացիներին կոչ է արվում պատվաստվել և այդկերպ նպաստել վարակի տարածումը կանխելուն: «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվել կարող են 18 և բարձր տարիքի բոլոր անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Պատվաստվել ցանկացող քաղաքացին արդեն կարող է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո ստանալ պատվաստում:

--00--ԱՀ